Հարցազրույց

06.12.2019 08:49


Վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, ու նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին. Արա Վարդանյան (տեսանյութ)

Վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, ու նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին. Արա Վարդանյան (տեսանյութ)

Իմ քրեական գործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է. անցած տարի վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, և նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին ու ուղեկցեցին ԱԱԾ, երբ ես նույնիսկ տեղյակ չէի քրեական գործից: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդմանը նման դրվագ է պատմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, նախօրեին կալանավայրից գրավով ազատ արձակված Արա Վարդանյանը. «Ես հիմնադրամին երբևէ վնաս չեմ հասցրել, ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությունը ստահոդ էր: Գրեթե կանխորոշված է, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու: Ես տասը տարի անընդմեջ ղեկավարել եմ հիմնադրամը, ի՞նչ է նշանակում փակել իմ էջը, հիմնադրամը ես չեմ ստեղծել, չկա որևէ մեկը, որը կարող է փակել կամ բացել հիմնադրամի որևէ էջ»:

Ըստ Վարդանյանի՝ ընթանում են համակարգված հարձակումներ եկեղեցու, ԵԿՄ-ի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ. «Այսօր մենք ականատեսն ենք դատական համակարգի ուղղակի ոչնչացման: ՀՀ բոլոր դատավորների վրա կա ճնշում, պարտադիր չէ զանգել նրանց: Վարչապետի ստորացուցիչ ելույթները բիրտ ճնշում են դատավորների նկատմամբ»:

Արա Վարդանյանի կարծիքով՝ Արցախի հարցում իշխանությունը կործանարար քաղաքականություն է վարում, քանի որ մեկուկես տարում արել է մի շարք իրարամերժ հայտարարություններ. «Ո՞րն է մեր և Արցախի իշխանությունների նույնական մոտեցումն այս հարցում: Չկա այնպիսի լուծում, որը կարող է բավարարել երեք կողմերին: Բաքվում Լավրովի հայտարարություններից մենք հասկացանք, որ ԼՂ բնակչություն ասելով՝ նա նկատի ունի նաև ադրբեջանցիներին, ոչ միայն Արցախի հայությանը: Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևէ հանրաքվե Արցախի հարցի շուրջ: Մենք այս կերպ վտանգում ենք մեզ և մեր երեխաներին»:

Այս խորագրի վերջին նյութերը