Աշխարհ

05.12.2019 20:20


«Աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այսքան մոտ և իրարից այսքան հեռու լինեն». թուրք լրագրող

«Աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այսքան մոտ և իրարից այսքան հեռու լինեն». թուրք լրագրող

Թուրքական «Sakarya Yeni Haber» թերթի լրագրող Շերիֆ Սարըն այցելել է Հայաստան և տպավարությունների մասին հոդված գրել իր սյունակում:

«Իմ դիտարկումները հայերի երկրի` Հայաստանի մասին» հոդվածի առաջին մասում հեղինակը շեշտում է, որ աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այդքան մոտ և միաժամանակ իրարից այդքան հեռու լինեն:

«Վրաստանից Հայաստան մուտք գործելու համար անցնում ենք Գոգավան-Գուգիտի սահմանային անցակետը: Իրականում մտածում էի, որ ստուգումների ընթացքում ինչ-որ խնդիր կծագի, քանի որ Վրաստանում մեր ուղեկցորդն ասել էր, որ Հայաստան մուտք գործելու ժամանակ հնարավոր է խնդիր ունենանք, ինչն էլ պատճառ էր դարձել, որ ես բացասական նախապաշարմունքով տրամադրվեի: Սակայն անցակետում ամեն ինչ արտակարգ հարթ ընթացավ: Մաքսակետի աշխատակիցների վերաբերմունքը բավականին դրական էր»,- պատմում է Շերիֆ Սարըն:

Այնուհետև նշում է, որ Հայաստան մուտք գործելիս երկժամյա ճամփորդությունից հետո իրենք դադար են առել և հայտնվել «1960-ականների միջավայրում», որն էլ զարմացրել է իրենց և հետաքրքիր երկիր այցելելու զգացողություն հաղորդել:

Պատմում է, որ երբ շարունակում են ճանապարահը, ճամփեզրին մի տուրիստական գործակալություն են նկատում, մտնում են ներս և այնտեղ իրենց դիմավորում է «ժպտերես երկու երիտասարդ»:

«Գրասենյակի աշխատակիցները, իմանալով, որ Թուրքիայից ենք, մեզ էլ ավելի ջերմ են վերաբերվում: Փորձում ենք միմյանց անգլերենը, թուրքերենը և հայերենը հասկանալ: Մոտակա շրջանի վերաբերյալ տեղեկություն ենք ստանում և շարունակում մեր ճանապարհը»,-գրում է թուրք լրագրողը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին:

«Արժե տեսնել Սևանա լիճն ու Սևանավանքը»:

Հայաստանի տեսարժան վայրերից թուրք լրագրողն առաջինն այցելել է Սևան: Նա իր հոդվածում նկարագրել է Սևանա լիճն ու Սևանավանքը՝ ընդգծելով, որ լիճն ամենամեծն է Կովկասում:

«Երևում է, որ պատմական Սևանավանքի նկատմամբ աշխարհի տարբեր կողմերից եկած զբոոսաշրջիկների հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչպես և մերը: Զգացվում է, որ այս տարածքը Հայաստանի համար պատմական և զբոսաշրջային արժեքները միավորող առանձնահատուկ շրջան է»,-գրում է հոդվածի հեղինակը:

Ավարտելով հոդվածի առաջին մասը՝ թուրք լրագրողը նշում է, որ հաջորդ մասում անդրադառնալու է երևանյան տպավորություններին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը