Տնտեսական

05.12.2019 13:21


Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կարևորագույն որոշումների ընդունմանն ու դրանց շրջանակում տարբեր անհարմարություններ առաջացնելու հետ կապված փաստարկների ներկայացմանը:

«Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ խնդրահարույց երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու: Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ Վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ի՞նչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: Իհարկե, խնդիրներ է բերում, բայց դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ: Հիմա ինքնակառավարվող մեքենաներ են օգտագործում, էլեկտրամոբիլներ են օգտագործում, որոնք այդ հարցերը լուծում են: Բայց ՀՀ-ում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Մենք ունենք երևույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օրերս Հանրային հեռուստաընկերությամբ դիտել է ռեպորտաժ՝ «խելացի անասնագոմերի» մասին: «Տեսա, որ «խելացի» անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ «խելացի» անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ «խելացի» անասնագոմում: Այսինքն՝ եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ:

Կամ ուշադրություն դարձրե՞լ եք, որ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի: Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,-ասաց Վարչապետ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը