Լրահոս

21.02.2011 14:49


Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով 61 մարդ է զոհվել

Ինչպես հայտնում է «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը՝ Լիբիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների ու անվտանգության ուժերի միջև բախման հետևանքով 61 մարդ է զոհվել։

Ցույցերն ու զանգվածային անկարգությունները Տրիպոլիում սկսվել էին կիրակի օրվանից։ Ականատեսների պատմածով՝ անցած գիշերվա ընթացքում քաղաքում այրվել են մի քանի ոստիկանական տեղամասեր ու տեղական ինքնակառավարման շենքեր, հարձակում է տեղի ունեցել հեռուստակենտրոնի վրա։

Այսօր անվտանգության ուժերը սկսել են թողնել պահպանվող օբյեկտներն ու լքել մայրաքաղաքը։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ անվտանգության ուժերի ծառայողները նույնպես մասնակցություն են ունենում մայրաքաղաքի բանկերի ու խանութների թալանմանը։

Հիշեցնենք, որ ավելի քան 40 տարի իշխանության ղեկին գտնվող Մուամմար Քադդիֆիի հրաժարականը պահանջող ժողովրդական հուզումները Լիբիայում շարունակվում են փետրվարի 15–ից։ Մինչ վերջին պահը, ժողովրդական ցույցերի կենտրոնը մնում էր երկրի արևելքը և Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազին։ Սակայն նախօրեին բողոքի ակցիաները հասել են նաև մայրաքաղաք։ Իշխանությունները դաժանորեն ճնշում են ժողովրդական հուզումները։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ անկարգությունների հետևանքով Լիբիայում արդեն զոհվել է 200 մարդ, իսկ մի քանի հազարներ էլ վիրավորվել են։

Այս խորագրի վերջին նյութերը