Լրահոս

21.02.2011 12:53


Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ. «Գործող նախագահ և Սերժ Սարգսյան ձևակերպումների միջև ոչ մի էական տարբերություն չկա»

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ. «Գործող նախագահ և Սերժ Սարգսյան ձևակերպումների միջև ոչ մի էական տարբերություն չկա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը չի կարծում, թե կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման առումով այնքան վատ բան է եղել, որ ԲՀԿ–ի հեղինակությունը սկսի անկում ապրել։

–Ընդհակառակը, այս հուշագրի ստորագրումը եկավ ապացուցելու, որ ԲՀԿ–ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող և ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է, և այս որոշումն իսկապես լուրջ քննարկումների, ծանրակշիռ պահվածքի և լայնախոհության արդյունք էր,–«Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Խ. Գալստյանը՝ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը պայմանավորելով Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու  և կոալիցիոն ուժերի միջև երկարաժամկետ խոր ռազմավարական համագործակցության նախանշման անհրաժեշտությամբ։

Իսկ հուշագրում ամրագրված այն կետը, թե կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին, Խ Գալստյանի խոսքերով՝ հիմնականում վերաբերում է  ներկոալիցիոն կայունության պահպանմանը։

–Խոր ռազմավարական հակասությունների բացակայության պարագայում կոալիցիոն ուժերի՝ հատկապես ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև, պարբերաբար լինում էին որոշակի սրացումներ,–բացատրել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ ավելացնելով, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ–ն, ինչպես և կոալիցիոն մյուս կուսակցությունները, բնականաբար, ձգտելու է ավելացնել իր ձայները, իսկ ուժերի հարաբերակցությունը որոշելու է միայն ու միայն ընտրողը։

Խ. Գալստյանը նշել է նաև, որ ԲՀԿ–ն պարտադրված չի ստորագրել կոալիցիոն նոր հուշագրի տակ, իսկ այդ հուշագրի մասին ԲՀԿ–ի հերթական 5–րդ համագումարից առաջ իրենք տեղյակ չեն եղել։ Կոալիցիոն նոր հուշագիրը շրջանառության մեջ է հայտնվել հետհամագումարյան ժամանակաշրջանում միայն։ Այդ հուշագրի հենց նախնական տարբերակում էլ գրված է եղել, որ քաղաքական կոալիցիան նախագահական րնտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի։

Գործող նախագահ և Սերժ Սարգսյան ձևակերպումների միջև ոչ մի էական տարբերություն չկա,–հավելել է Խ. Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը