Տնտեսական

03.12.2019 14:46


Մտածում ենք մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի տուրքը, դա բյուջեն չի վնասի. Տաթևիկ Ռևազյան

Մտածում ենք մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի տուրքը, դա բյուջեն չի վնասի. Տաթևիկ Ռևազյան

Խորհրդարանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ասաց, որ խիստ կարևոր է, որ ազգային ավիափոխադրողի հայտ են ստացել:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ արտոնություն տրամադրելով նոր բացվող գծերին, խնդիր չի՞ լինի այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրողը կսկսի ողջ ծավալով աշխատել:

Ռևազյանն էլ պատասխանեց, որ իրավունք չունեն որևէ ավիաընկերության հատուկ արտոնություններ տրամադրել: «Դա կլինի միջազգային խախտում: Այս հարցը քննարկվել է տեղական ավիափոխադրողի հետ, և նրանք ողջունել են մրցակցությունը: Նրանք նշել են, որ այդ մրցակցությունը կստիպի, որ իրենք ավելի լավ աշխատեն, որ կարողանան միջազգային շուկայում մրցել: Այսինքն՝ ավիափոխադրողներին բավարար չէ, որ զուտ Հայաստանում կարողանան գործել: Նրանք բանակցում են ամբողջ աշխարհի տարբեր օդանավակայանների հետ, որ կարողանան մրցակցել բոլորի հետ»,-ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ իրենք խթանում են նոր ուղղությունները, որովհետև նոր ուղղությունները բոլոր ավիաընկերությունների համար ամենառիսկային տարբերակներն են:

Բացի այդ, նա նշեց, որ ցանկանում են մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի հարկը: «Մենք ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել, բայց մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք, որ օդի տուրքը հանելով՝ մենք իրոք խթանում ենք նոր ուղղությունները, իրոք շուկան զարգանում է: Այս պարագայում պետբյուջեն չի տուժի»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ անցած տարի 12 մլրդ դրամ մուտք է եղել օդի տուրքից պետբյուջե: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի այդ թիվը կիջնի, օրինակ՝ 8 մլրդ-ի»,-ասաց Աղազարյանը:

Ռևազյանն էլ նկատեց, որ չի նվազի: «Մենք համոզված ենք, որ չի նվազի: Մեկ գաղափար էլ կա, որ կարող է իրականում աճել այդ թիվը, որովհետև սպասարկող ուղղությունների ընդհանուր հոսքն է աճում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը