Աշխարհ

02.12.2019 20:21


Նիկոլայ ցարի պայմանը, կամ ինչպես Գյումրիում կառուցվեց Օլգինյան գիմնազիան

Նիկոլայ ցարի պայմանը, կամ ինչպես Գյումրիում կառուցվեց Օլգինյան գիմնազիան

Չնայած վաղուց Գյումրու թիվ 6 դպրոցը գիմնազիա չէ, սակայն այստեղ շարունակում են այն գիմնազիա կոչել։ Դպրոցի ոչ միայն հիմնադրման պատմությունն է հետաքրքիր, այլ նաև ճարտարապետական տեսքը. գտնվելով «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում` այն պահպանվում է պետության կողմից։

Եռահարկ, սև սրբատաշ տուֆից կառույցը մինչև այժմ էլ համարվում է քաղաքի եզակի կրթական հաստատություններից մեկը։ Գյումրու հայտնի գիմնազիայի շենքում այսօր գործում է թիվ 6 հիմնական դպրոցը, որը որոշակի խնդիրներ ունի` տանիքի վերանորոգում, ջեռուցման շատ հին համակարգի փոփոխություն է հարկավոր։ Սրանց մասին իմացանք դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Ղուկասյանի հետ զրույցի ընթացքում։ Կրթական հաստատության տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը հուսով է, որ պետական միջոցներ կգտնվեն այդ հնագույն կառույցի խնդիրները լուծելու համար:

Թեև Գյումրու գիմնազիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1905 թվականը, սակայն մինչ այդ, Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության միջև ծավալված գրավոր երկխոսության արդյունքում, 1879 թ. նոյեմբերին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրիում) հիմնվում է իգական պետական տարրական դպրոց՝ պրոգիմնազիա, որտեղ առաջին տարում սովորում են 18 աշակերտուհի, դասավանդում` յոթ ուսուցիչ: Ուսուցումը տարվում է ռուսերեն լեզվով:

Գիմնազիան կառուցվում է Նիկոլայ II ցարի և համայնքի կողմից հավաքված հանգանակությունների հաշվին:

Նիկոլայի II-ը համաձայնում է գումար հատկացնել շինարարության համար, բայց միայն մի պայմանով`եթե դպրոցն իր քրոջ` Օլգայի անունով կոչվի: Հենց դրա համար էլ գիմնազիան կոչվել է Օլգինյանը։ Իսկ արդեն 1937թ.-ին ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-րդ տարելիցի նախօրեին, դպրոցը անվանակոչվում է մեծանուն բանաստեղծի պատվին։

1905-1906թթ. պրոգիմնազիան վերածվում է գիմնազիայի, որտեղ արդեն սովորում էին շուրջ 376 աշակերտ, որոնցից 239–ը ազգությամբ հայեր էին, 127-ը` ռուսներ, և 10–ը` այլ ազգի ներկայացուցիչներ: Պարզվում է` բոլոր ցանկացողները չէ, որ կարող էին սովորել այս հաստատությունում. դրա համար պետք էր հատուկ կարգավիճակ։ Աշակերտուհիները հիմնականում ազնվականների և առևտրականների դուստրերն էին։

21246878
Իսկ 1912 թ. Արդեն շահագործման է հանձնվում դպրոցի այժմյան շենքը, որը համարվում է քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: «Այստեղ սովորեցրել են կանացի վարվելակերպ և վերաբերմունք, ասեղնագործություն, ձեռագործ, պար, օտար լեզուներ, հատկապես, այդ ժամանակ շատ ընդունված էր ֆրանսերեն»,- մեզ հետ զրույցում պատմում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը՝ նշելով, որ գիմնազիայում այդ տարիներին պատրաստել են նաև բուժքույրեր, ովքեր իրենց հմտություններն օգտագործել են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

1920թ. գիմնազիան վերածվում է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ միջնակարգ դպրոցի: 1930 թ.-ին այն դասվում է «օրինակելի դպրոցների» շարքին:

Սպիտակի երկրաշարժի պատճառով դպրոցի շենքը վթարային է դառնում և վերականգնվում միայն 2001 թվականին։ Այսօր թիվ 6 հիմնական դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ։

21246882
«Ցայսօր այս շենքն ու իր անունն այս քաղաքում պահպանում են այն պատմական, բարոյական կերպարը, որ ունեցել է։ Այն յուրահատուկ կառույց է քաղաքում»,-նշում է Հասմիկ Կիրակոսյանը։

Դպրոցում սովորել են այնպիսի անձնավորություններ են, ինչպիսիք են բանաստեղծ Հովհաննես Շիրազը, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, երգահան Ալեքսանդր Աճեմյանը, ակադեմիկոսներ Գևորգ Ղարիբջանյանը, Սերգեյ Համբարձումյանը, դոկտոր-պրոֆեսորներ Թադևոս Աղախանյանը ու Սողոմոն Բալյանը, և ուրիշներ: Իսկ 1890-1900թթ.-ին այստեղ դասավանդել են հայ անվանի գրող Ղազարոս Աղայանը, հայտնի մանկավարժներ Տեր-Գևորգովան, Տեր-Ակոպովը և այլն:

21246883

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը