Լրահոս

19.02.2011 13:03


ԼՂՀ նախագահն ուղերձ է հղել

ԼՂՀ նախագահն ուղերձ է հղել

Արցախի վերածննդի օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Փետրվարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կյանքում նշանավորվեց որպես համազգային միասնության ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ և դարձավ հիրավի համաժողովրդական տոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու մեր վճռականության մասին: Դա մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոչ էր, խաղաղ, արդար և օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին:

Մեր անցած ուղին ծանր էր ու դժվարին: Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, որը դարձավ բազում ավերածությունների ու զոհերի պատճառ: Հանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կյանքը նվիրաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե՜րժ փառք ու պատիվ նրանց:

Այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: Մեր նպատակը տնտեսության հետևողական զարգացումն է, պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, ժամանակակից ու բարգավաճող պետության կառուցումը: Մենք ի զորու ենք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում»։

Այս խորագրի վերջին նյութերը