Քաղաքական

29.11.2019 10:50


Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին շարունակական նվիրաբերում անելու մարտահրավեր է ուղարկել 3 հայի (տեսանյութ)

Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին շարունակական նվիրաբերում անելու մարտահրավեր է ուղարկել 3 հայի (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է խիստ հսկողության տակ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այդտեղ բացառելու են որևէ չարաշահում։ Վարչապետն արձանագրեց, որ հիմնադրամի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է հրաժարվել սահմանափակ թվով մարդկանց խոշոր նվիրատվությունների տրամաբանությունից և անցում կատարել փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ եթերում դիմեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։

«Երբ ես պիտի գայի այստեղ, որոշակի վիճակագրություն էի ուսումնասիրում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից հիմնադրամի միջոցներով 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվել, 585 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, 364 կառուցված, վերակառուցված կամ վերանորոգված դպրոց, 75 կառուցված կամ վերանորոգված բուժհաստատություն, 59 սպորտային և մշակութային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական և մշակութային ծրագիր։ Որպես այս ամեն ինչի ամփոփում՝ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր գեթ մեկ անգամ նվիրատվություն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես խոնարհվում եմ ձեր առաջ և շատ բարձր եմ գնահատում ձեր կատարած ներդրումը, որը Հայաստանին օգնել է իսկապես շատ դժվարին ժամանակներում։ Բայց հույս ունեմ, որ դուք հիշում եք, որ ես նախ լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր եմ եղել, ով սիրում է հարցեր տալ։ Եվ ես ուզում եմ գաղտնիք բացահայտել՝ ես չեմ դադարել հարցեր տալ, իհարկե, հիմա հարցերն ավելի նեղ շրջանակում են, գուցե, միշտ չէ, որ հրապարակային են։ Եվ ես ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից ինչքա՞ն հանրագումարային նվիրատվություն է հավաքել 27 տարվա ընթացքում։ Պարզվեց, որ այդ գումարը 370 միլիոն դոլարի կարգի է։ 370 միլիոն դոլար գումար, շատ լավ։ Եղել են նաև ոչ գումարային նվիրատվություններ։ Եկեք ենթադրենք, որ մոտավորապես 370 միլիոն դոլարի էլ ոչ գումարային նվիրատվություններ են եղել։ Եկեք համարենք, որ ընդհանուր առմամբ, չնայած դա շատ չափազանցված կլինի, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի համար հիմնադրամով և հիմնադրամից դուրս տարբեր բարեգործական ծրագրերով, օգնություններով 1 միլիարդ 250 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերվել։ Եվ հարցը հետևյալն է՝ 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1․5 միլիարդ դոլարի նվիրատվությո՞ւն է արել։ Այդ 1․5 միլիարդ դոլարն էլ չափազանցված»,-նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ վերջերս խոսել է սփյուռքի շատ հայտնի ներկայացուցչի հետ, ով ասել է, որ այս ողջ պրոցեսի արդյունքում հայության դեմիստիֆիկացիա է տեղի ունեցել, որովհետև աշխարհում հայությունը հայտնի է որպես շատ ազդեցիկ ուժ։ «Համենայնդեպս, մենք այդպիսի ընկալում և իմիջ ունենք։ Նա ասում էր եկեք նայենք մեր հակառակորդների տեսնկյունից, նրանք ասում են՝ եկեք տեսնենք, թե հայությունը ինչ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ պարզվում է՝ տարեկան 13 միլիոն դոլար։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է տարեկան 13 միլիոն դոլարը, ես ասեմ, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջեով չնախատեսված արդեն իսկ հավելյալ 62 միլիարդ դրամ է հավաքել, որը մոտավորապես 132 միլիոն դոլար է։ Բայց պետք է հասկանանք, թե ինչն է այսպիսի իրավիճակի պատճառը»,-մանրամասնեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ այստեղ մի քանի կոմպոնենտներ է տեսնում։ «Նախ հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների հիմնական մասն ապահովել են սփյուռքի կամ հայության երևելի ներկայացուցիչները, մեծահարուսները և այլն։ Բայց այստեղ խնդիր է առաջանում։ Մենք 27 տարի նույն մարդկանցից կամ մոտավորապես նույն շրջանակից ակնկալել ենք գումար և մարդիկ տվել են, բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, քսանյոթ։ Սա խնդիր է։ Իհարկե, վստահության որոշակի խնդիր գոյություն է ունեցել։ Բայց ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին։ Ի՞նչ եմ ես մտածում, ի՞նչ եմ ես առաջարկում, ի՞նչ պատկերացում ես ունեմ։ Ես վերադառնում եմ այն բանաձևին, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման տեսակետից խոսում էի հեղափոխությունից առաջ։ Ես ասում էի, որ եթե մեզ պետք է ենթադրենք 1000 դրամ․ մենք պետք է ոչ թե գտնենք մի հոգու, որ մեզ կտա հազար դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, որ մեզ կտա մեկ դրամ։ Նաև այս փաստը հաշվի առնելով՝ ես խոսել եմ, որ մենք այստեղ պետք է լուրջ փոփոխություններ անենք։ Ես խոսել եմ համահայկական բյուջեի գաղափարի մասին։ Եվ ո՞րն է այս բյուջեն։ Դա այն է, որ մենք,այսպես ասած, խոշոր, բայց սահմանափակ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանությունից պետք է անցում կատարենք փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանության։ Ինչքա՞ն հայ կա այսօր աշխարհում: Ասվում է 10 միլիոն։ Լավ, ենթադրենք այդ 10 միլիոնը 100 տոկոսով չի արտահայտում իրականությունը։ Ասում են 7-10 միլիոն, ես վերցնում եմ 5 միլիոն թիվը և ասում եմ հետևյալը՝ եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում հմինադրամին նվիրաբերի 200 դոլար կամ ամիսը 20 դոլար, մենք տարեկան կտրվածքով կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար։ Եվ ի՞նչ ենք մենք սրա համար առաջարկում։ Երբ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված հարցեր էինք բարձրացնում, մեզ ասում էին՝ ճի՞շտ է արդյոք դա, որ մենք խորանանք, տեսնենք, թե ինչ է կատարվում։ Մենք ասում էինք, այո, որովհետև դա հիմնադրամի նկատմամբ վստահությունը բարձրացնելու միջոցն է։ Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի, քառակի, հնգակի հսկողության տակ, և մենք բացառելու ենք այդտեղից որևէ չարաշահում»,-մանրամասնեց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ մտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք (himnadram.org) և օնլայն նվիրատվությունների հարթակի միջոցով կարգաբերել է, որպեսզի իր բանկային քարտից ամեն ամիս 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամին։

«Հիմա եթե աշխարհում 5 միլիոն հայ անի այդ գործողությունը, ինչ ես եմ արել, մենք տարեկան կունենանք ոչ թե 13 միլիոն դոլար, այլ կունենանք 1 միլիարդից ավել գումար։ Մենք պետք է նաև մարդկանց ներգրավենք այս պրոցեսի մեջ։ Ես հիմա ուզում եմ ուղիղ եթերում մարտահրավեր նետել և դիմել կոնկրետ մարդկանց։ Ես դիմում եմ երեք հայի՝ առաջինը Սերժ Թանկյանին։ Սերժ, մարտահրավերն ուղղված է քեզ, որպեսզի մտնես himnadram.org կայք և այնպես անես, որ քո քարտից ամեն ամիս 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին։ Հարգելի Քիմ, ես չգիտեմ, Դուք հիմա լսում եք ինձ, թե չէ, բայց հույս ունեմ, որ Ձեզ տեղյակ կպահեն։ Խնդրում եմ, մտեք himnadram.org կայք և կարգավորումներով պատվիրակեք, որ ամեն ամիս Ձեր քարտից 22 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երրորդ մարտահրավերն՝ Ալեքսիս Օհանյանին։ Ալեքսիս, եղբայր, չգիտեմ՝ դուք հիմա հետևում եք, թե չէ, բայց համոզված եմ, որ այս ուղերձը կհասնի Ձեզ։ Ես Ձեզ մարտահրավեր եմ ուղարկում, որ մտենք himnadram. org կայք և Ձեր քարտը կարգաբերեք այնպես, որ ամեն ամիս Ձեր քարտից 23 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Բայց շատ կարևոր է, որ այս պրոցեսը դուք անեք հրապարակային և դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք երեք ուրիշ հայի, որոնց դուք ճանաչում եք։ Եվ ընդհանրապես բոլորը, ովքեր սա կանեն, ևս երեք հայի հրավիրեք, որ նման բան անեն։ Հիմա եթե մենք կարողանանք սա 5 միլիոն հայի շրջանակում տարածել, մենք կունենանք համահայկական բյուջե, որն անառարկելիորեն կծառայի Հայաստանի և Արցախի ու նաև սփյուռքի հզորացմանը։ Շատ կարևոր է, որ մենք այս պրոցեսը դարձնենք ներգրավվողական։ Հայ մեծահարուստները էլի կշարունակեն նվիրատվությունները, ես համոզված եմ»,-եզրափակեց վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը