Քաղաքական

28.11.2019 17:01


Քաղաքապետը չի խորշում Սամվել Ալեքսանյանից նվերներ ընդունելուց, դրանում պախարակելի բան չկա. խոսնակ (տեսանյութ)

Քաղաքապետը չի խորշում Սամվել Ալեքսանյանից նվերներ ընդունելուց, դրանում պախարակելի բան չկա. խոսնակ (տեսանյութ)

Մենք նախկինում էլ հիմա էլ հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետը պատրաստ է ընդունել նվիրատվություններ այն մարդկանցից, ովքեր մտադրություն ունեն մասնակցել Երևան քաղաքի զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվություններին։

«Հրապարակել եմ հինգ պայմանագիր դրանցով, ընդհանուր առմամբ, 21 մեքենա է նվիրվել Երևան քաղաքին: Այս գույքից բացի ընթացքի մեջ է առնվազն տասը պայմանագիր, որոնցով քննարկվում է, որ քաղաքը նոր գույք կստանա՝ կրկին մեքենաներ»,-ասաց նա և նշեց, որ նախկինում չեն հրապարակել, քանի որ պայմանագրերը դեռ կնքված չեն:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ թեև նվիրվատվության այս պրակտիկան Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ չի ձևավորվել, սակայն քաղաքապետ Մարությանը խրախուսում է այն, և այն միջազգայնորեն տարածված երևույթ է:

«Հայկ Մարությանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանից նվեր կընդունի այնպես, ինչպես բոլորից։ Ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել նրանից նվերներ ընդունելուց, նման բան չկա»,-ասաց նա:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանին «Կամազ» բեռնատարներ նվիրաբերած «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր սեփականատեր գրանցված է մեկ անձ, որը Սամվել Ալեքսանյանը չէ, այլ Հայկ Իսրայելյանն է: Ըստ նրա՝ քաղաքապետարանը չունի այդ գործիքակազմը, խնդիրը՝ պարզելու, թե այս կամ այն կազմակերպության հետևում ով է կանգնած:

«Եթե դուք կարծում եք, որ դա «Ալեքս հոլդինգն» է և կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, ես չեմ կարող, առավելևս Հայկ Մարությանը, անել հայտարարություններ ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա, առավելևս, որ պախարակելի բան Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ չկա»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը