Աշխարհ

27.11.2019 21:40


ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400 համակարգերի փորձարկումը

ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400 համակարգերի փորձարկումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է նախօրեին Անկարայում սկսված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի փորձարկումներին՝ Թուրքիայի քայլերը մտահոգիչ համարելով:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Պոմպեոն տեղեկություններ ունի այն մասին, որ Թուրքիան ռուսական համակարգերը փորձարկելիս տարբեր թռչող օբյեկտների թվում օդ է բարձրացնելու նաև ամերիկյան F-16 կործանիչներ:

«Այո»,- պատասխանել է պետքարտուղարը,-«դա մտահոգիչ է»:

Պոմպեոն նշել է, որ իրենք Անկարային ուղիղ հայտարարել են, որ չեն ցանկանում S-400 համակարգերի ակտիվացումը: Նա նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև տարաձայնությունների պատճառ դարձած խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում՝ ավելացնելով, որ դեռ լուծման հասնելու հույս ունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նույնպես տեղեկացրել էր, որ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած թնջուկը լուծելու համար համատեղ աշխատանք է իրականացվում: Էրդողանը, սակայն, բացառել էր համակարգերի չակտիվածումը՝ ասելով, որ դա քննարկման առարկա չէ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը