Աշխարհ

27.11.2019 10:44


Ալիևը Պուտինին «աշխարհի թիվ 1 քաղաքական գործիչ» է անվանել

Ալիևը Պուտինին «աշխարհի թիվ 1 քաղաքական գործիչ» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստան կատարած այցին և ընդգծել, որ աննախադեպ իրադարձություն է, երբ երկրի ոչ առաջին դեմքն ընդունվում է «աշխարհի առաջատար պետության ղեկավարի կողմից»:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այդ այցը: Մենք հասկանում ենք, որ սա աննախադեպ իրադարձություն էր, երբ պետության ոչ առաջին դեմքն ընդունվում է աշխարհի առաջատար երկրի նախագահի կողմից, նախագահի, որը հանդիսանում է թիվ 1-ն աշխարհի քաղաքական գործիչների շարքում: Կարծում եմ, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև աշխարհի ղեկավարների ճնշող մեծամասնության: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում հրավերի փաստը, հարաբերությունների մակարդակը, Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Բարեկամության բարձր շքանշանով և այն խոսքերը, որոնք հնչել են պարգևատրումից հետո... Այս բոլորը կարևոր քայլեր են մեր հարաբերությունների ամրապնդման համար: Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք հանդիպում ունենք մյուս ամիս»,-նշել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ լավ ավանդույթ են դարձել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունների հանդիպումները Բաքվում: Ալիևը նշել է, որ արդեն երրորդ տարին է՝ նմանատիպ հանդիպում է անցկացվում Բաքվում, և դա իրենց համար նշան է, որ «Բաքուն դրական է ազդում այդ հանդիպումների վրա»:

Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին տիկնոջը Բարեկամության շքանշան է հանձնել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

Այս խորագրի վերջին նյութերը