Քաղաքական

26.11.2019 16:58


Քաղաքական ապաստան հայցելը բացառվում է․ Կոստանյան

Քաղաքական ապաստան հայցելը բացառվում է․ Կոստանյան

Այսօր ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանը հայտարարել էր, թե 48 ժամը բավարար ժամանակ է, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը Մոսկվայից վերադառնա Հայաստան և ներկայանա Մարտի 1-ի գործով վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի իրեն մեղադրանք առաջադրեն։

Հիշեցնենք, որ այս մասին հայտնի է դարձել երեկ, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և 48 ժամ է տվել նրան՝ վերադառնալու Հայաստան։ Կոստանյանը հստակ չի ասում՝ երբ է վերադառնալու Հայաստան, բայց ասում է՝ կվերադառնա, երբ իր դասախոսություններն այնտեղ ավարտվեն։

Hraparak.am-ը հարցրեց Գևորգ Կոստանյանին՝ հնարավո՞ր է այդպես էլ չվերադառնա՝ հաշվի առնելով, որ վերադառնալուն պես կարող է ձերբակալեն իրեն, և մնա Մոկսվայում ու քաղաքական ապաստան հայցի ՌԴ իշխանություններից։

«Քաղաքական ապաստանը հայցելը բացառվում է, էդ հարցն ինձ համար անգամ վիրավորական է, ես պաշտոնապես եմ հայտարարել, որ միանշանակ վերադառնալու եմ, երբ դասերս ավարտվեն։ Այ իմ խնդիրը այդ արհեստականության մեջ է, որ շտապում են։ 48 ժամվա ընթացքում իրենք էլ գիտեն, որ հնարավոր չի վերադառնալ, և դա հասկանալով՝ իրենք, այնուամենայնիվ, այս 48 ժամը դիտարկել են, դա ինձ լուրջ մտորելու առիթ է տալիս, ես հասկանում եմ, որ սա լրիվ այլ նպատակ ունի»,-ասաց Կոստանյանը։

Այլ նպատակն, ըստ նախկին դատախազի, այն է, որ տվյալ քրեական գործը համեմեն հնչեղ անուններով

«Քանի որ իրենք չունեն կարողություն Մարտի մեկի տասը զոհերի մեղավորներին բացահայտելու, դրա համար այս եղանակով փորձում են ստեղծել իմիտացիա քրգործի քննության»,-հավելեց Գևորգ Կոստանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը