Տնտեսական

18.02.2011 16:06


Բագրատ Ասատրյան. «Մենք ամենաթանկ գինը պետք է վճարենք ամեն ինչի համար»

Բագրատ Ասատրյան. «Մենք ամենաթանկ գինը պետք է վճարենք ամեն ինչի համար»

«Արցախ» ակումբում ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադարձել է երկրում տիրող տնտեսական իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ 2010թ. ավարտվեց, աշխարհն ամփոփել է տվյալները, և բոլոր զարգացած երկրները արձանագրել են, որ ճգնաժամն անցյալում է ու համաշխարհային տնտեսությունն առողջացել է։ Սակայն, նրա խոսքերով, նշմարվեց մի երևույթ, որն իր էական ազդեցությունը կթողնի ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Դա հումքային որոշ ապրանքատեսակների, առանձնահատուկ պարենամթերքի աննախադեպ աճն է, որը դեռ սահմանային գծին չի հասել է, բայց մոտ է դրան։ Այդ միտումները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի վրա։

Հիմնական անհանգստությունը, որ կա Հայաստանի տնտեսության վերաբերյալ, գնաճի բարձր մակարդակն է,–ասել է Բագրատ Ասատրյանը և նշել, որ այն մոտ 8–9% կկազմի։

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ 2011թ. ՀՀ–ն կունենա միջին մակարդակի տնտեսական աճ, և եթե առկա միտումները պահպանվեն, տնտեսական աճը կկազմի 3-4%, որը հիմնականում պայմանավորված կլինի գյուղատնտեսության, սպասարկման և առևտրի ոլորտներով, ինչպես նաև շինարարությամբ։ Սակայն նման աճի դեպքում ՀՀ–ն հեռու է լինելու նախաճգնաժամային մակարդակի վերականգնումից։ Դա հնարավոր կլինի միայն 2013–2014թթ.։

Ինչ վերաբերում է գնաճին, Բ. Ասատրյանը նշել է, թե դա Հայաստանում ծանրաբեռնված է մի շարք լրացուցիչ հանգամանքներով.

Այն, որ միջազգային գներն աճելու են, իհարկե, որոշիչ ազդեցություն ունենալու է, բայց մեր համակարգը՝ հայկական համակարգն ամբողջովին, նպաստում է, որ գնաճն այստեղ «պատիկ» անգամ ավելի բարձր դրսևորումներ ունենա,–ընդգծել է Բագրատ Ասատրյանը։

Նա նշել է, որ պաշտոնական տվյալներով պարենամթերքի գինը վերջին 12 ամիսներին աճել է 17,1%–ով, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը ճիշտ այդքանով ավելի վատ է ապրում, աղքատությունն էլ խորանում է։

Բագրատ Ասատրյանը համեմատական է անցկացրել Հայաստանի և Եվրոպայի հանրախանութների գների միջև և նշել է, որ բանջարեղենի, մրգի, ինչպես նաև մսամթերքի գները Հայաստանում ավելի բարձր են, քան Եվրոպայում։

Հայկական մեր համակարգն այնպիսին է, որ մենք ամենաթանկ գինը պետք է վճարենք ամեն ինչի համար,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը