Աշխարհ

25.11.2019 14:30


Դուբնայում ՀՀ քաղաքացի է սպանվել (տեսանյութ)

Դուբնայում ՀՀ քաղաքացի է սպանվել (տեսանյութ)

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում նախօրեին ՀՀ քաղաքացի է սպանվել։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։

Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,- նշված է գրառման մեջ։

Ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Սյունին նշել է, որ Գյումրիի բնակիչ Երեմ Գեւորգյանը գիշերային ակումբում հանդիպել է ծանոթ խմբի, որոնց մեջ եղել է նաեւ Դուբնայի բնակիչը, ոմն Սերգեյ, ում հետ Երեմը խնդիրներ է ունեցել, բայց ֆեյսբուքյան օգտատիրոջ փոխանցմամբ՝ ակումբի ներսում տղաները դադարեցրել են վիճաբանությունը՝ ենթադրաբար փակելով վեճը։ Ավելի ուշ Երեմն իր ազգականի հետ դուրս է եկել ծխելու, որի ժամանակ էլ նրա վրա հարձակվել են ու ծեծել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը