Լրահոս

18.02.2011 15:20


Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հայտարարությունը

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, 2011 թվի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման, եւ այդպիսով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքով եւ առաջարկներով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին,  Շիրակի մարզից թվով 9 պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, ավագանու  բոլոր անդամներին, Ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին:

Անցած 10 օրերի ընթացքում ստացել ենք հետեւյալ արձագանքները.

ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, թե դիմումը ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Զ. Փոստանջյանը, Ս. Սաֆարյանը, Լ. Ալավերդյանը, Ա. Բախշյանը եւ կուսակցության փոխնախագահ Ռ. Հակոբյանը մի քանի անգամ այցելել են Գյումրի, հանդիպել մեզ հետ եւ քննարկել լուծման հնարավոր ուղիները, ակտիվորեն մասնակցել են մեր կազմակերպած մի քանի բողոքի երթերին եւ միջոցառումներին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տ. Կարապետյանը այցելել է Գյումրի եւ մասնակցել մեր բողոքի ավտոերթին դեպի Բավրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանը հրավիրել է մեզ իր գրասենյակ եւ քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Մեր նախաձեռնությամբ հանդիպել ենք ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Գյումրու քաղաքապետին եւ նրանց ներկայացրել խնդիրն ու մեր անելանելի վիճակը:

Շիրակի մարզից մյուս 8 պատգամավորները (Ս. Ավետիսյան, Ս. Բալասանյան, Ռ. Զաքարյան, Ա. Ղուկասյան, Ա. Աղաջանյան, Մ. Վարագյան, Ա. Աղաբաբյան, Հ. Մարգարյան), ՀՀ վարչապետը, Գյումրու ավագանու անդամները, Շիրակի մարզպետը եւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը մինչ օրս մեզ պաշտոնապես չեն պատասխանել:

Մենք այս անտարբերությունը գնահատում ենք որպես արհամարհանք սեփական քաղաքացիների նկատմամբ:

Մեր հարցերին անդրադառնալու փոխարեն, անցած օրերին մեր ձեռնարկած խաղաղ եւ օրինական բողոքի միջոցառումները (հավաքներ եւ ավտոերթեր) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային եւ Ախուրյանի տարածքային բաժինների, ինչպես նաեւ ՃՈ ոստիկանները, գրեթե ամբողջ կազմով բազմակի եւ հանդուգն կերպով խոչընդոտել են: Մասնավորաբար, փետրվարի 8-ին Կայարանամերձ հրապարակից առեւանգել են մեր երեք ավտոմեքենաները եւ տարել տուգանային հրապարակ, փետրվարի 8-ին, 10-ին, 14-ին եւ 16-ին փակել են քաղաքի Մուսայելյան, Գորկու, Սպանդարյան փողոցներից եւ Հաղթանակի պողոտայի բոլոր խաչմերուկներից մուտքը դեպի այդ փողոցներով շրջափակված 14 թաղամասեր: Մի քանի տասնյակ վարորդների անօրինակ կերպով հրավիրել կամ տարել են ոստիկանական պետերի մոտ` այս բողոքի ակցիաներին չմասնակցելու մասին քարոզներ ու սպառնալիքներ լսելու, մի շարք այլ դեպքերում այդ քարոզները կարդացել են մեզնից շատերի բնակարաններում, փետրվարի 15-ին չորս ժամով մեր եւ այլ` մեզ հետ կապ չունեցող վարորդների եւ ավտոմեքենաների առաջ փակել են Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, 40 րոպեով փակել են Երեւան Վանաձոր ավտոմայրուղին Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, փետրվարի 16-ի հինգ ժամով փակել են Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, Փետրվարի 17-ին ժամը 07:45-ից մինչեւ 18:02-ը փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը իր բոլոր մատույցներով եւ նրբանցքներով: Այդ բոլոր արգելափակումների հետեւանքը եղել է երթեւեկության կաթվածահարումը, ինչից տուժել ենք ոչ միայն մենք, այլեւ մեր բողոքի հետ կապ չունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Այս օրինազանցությունները ոստիկանությունը կատարել է իրենց հիմնական պարտականություններից կտրելով ոստիկանության մեզ հայտնի ավելի քան 300 ոստիկանների (Շիրակի եւ Լոռու մարզերից), եւ, ներգրավելով ավելի քան 60 պետական, ծառայողական ավտոմեքենա:

Ազատ տեղաշարժման եւ ազատ արտահայտման, ՀՀ Սահմանադրությամբ մեր ունեցած հիմնարար իրավունքների այս ոտնահարումները մենք գնահատում ենք որպես այլանդակ ապօրինություն, որ տեղի է ունեցել սրանցից ավելի վեր եղող առայժմ մեզ անհայտ պաշտոնյաների թողտվությամբ եւ հրամաններով: Բոլոր այս ապօրինությունների ժամանակ, մեր, լրագրողների, պատգամավորների եւ հասարակական գործիչների հարցումներին ոստիկաններից որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի կարողացել տալ, ասվել է` ,no commentե, կամ ,հրաման է` կատարում ենքե, կամ ,այդպես է պետքե:

Մենք դատապարտում ենք Շիրակի եւ Լոռու ոստիկանների այս սերիական հանցագործությունները եւ դրանք կատարման հրամանները տվողներին, եւ տեղեկացնում հանրությանը, որ մեր իրավունքները պաշտպանելու հարցում մենք վճռական ենք, չենք նահանջելու եւ դիմադրելու ենք այնքան, մինչեւ ամենավերջին պաշտոնյան հասկանա, որ մենք ենք մեր իրավունքների տերը եւ ոչ թե իրենք: Հավատում ենք, որ երբ էլ լինի` այս հանցագործությունները կատարած պաշտոնյաները պատասխանատվություն են կրելու:

Մենք դատապարտոմ ենք նաեւ ՀՀ իշխանությունների` մաքսազերծման պահանջների անակնկալ եւ դիտավորյալ խստացման դեմ մեր բողոքների նկատմամբ անտարբերությունը, եւս մեկ անգամ կոչելով ողջամտության սեփական քաղաքացիների կյանքի եւ ապագայի նկատմամբ. հասկացեք վերջապես, մենք չունենք այդ առասպելական գումարները (համարյա մեր ավտոմեքենաների գնի չափ) որ վճարենք պետական բյուջե ու մաքսազերծենք այս մեքենաները, մենք քաղաքական ակտիվիստներ չենք, եւ դուք ձեր անհեռատես մաքսային քաղաքականությամբ, անտարբերությամբ ու հալածանքներով է, որ ստիպում եք մեզ փողոց դուրս գալ ու պայքարել տարրական կենսական ապահովության համար:

Մենք ՀՀ իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների` ցանկացած ձեւաչափով:

Մենք` ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա  փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի քան մինչեւ փետրվարի 28-ը:

Մեր պարտքն է տեղեկացնել, որ պատշաճ արձագանք չունենալը մեզ համար նշանակում է  այլընտրանքի բացակայություն: Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում` մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել եւ այլն:

Շիրակի մարզում գտնվող վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդ

ՀՀ քաղաքացիներ

Այս խորագրի վերջին նյութերը