Աշխարհ

21.11.2019 16:00


Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում

Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը: Նախքան նախագծի քննարկումը, միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Սուլեյման Սոյլուն, երբ մտել է դահլիճ, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը թեմայի առնչությամբ ասել է, որ ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ:

Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութֆի Էլվանը Սոյլուի այդ քայլը կապել է այն բանի հետ, որ երբ վերջինս ներս է մտել ընդդիմադիր պատգամորները ոտքի չեն կանգնել:

Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում Սոյլուին նմանեցրել է նացիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմմլերի հետ:

«Ոչ ոք հիմա լավ ձևով չի հիշում Հիմմլերի կերպարը: Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ ձևով են հիշելու»: Ոչ իհարկե: Քչ ոք քո կերպարը լավ ձևով չի հիշելու»,-շեշտել է Փայլանը:

Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության «Երջանկություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Ջիհանգիր Իսլամը Սոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել և ասել, որ բոլորը գիտեն, որ ինքը սադրիչ է:

Վիճաբանությանը միջամտել են նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության, AKP-ի և ընդդիմադիր քրդամետ ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը