Քաղաքական

20.11.2019 19:13


Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո․ հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան

Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո․ հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հաղորդագրության վերաբերյալ Tert.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք:

-Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար:

-Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք:

-Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել:

-Կալանավորելու որոշում կա, Դուք հետախուզման մեջ եք, ներկայանալո՞ւ եք նախաքննական մարմնին, վերադառնալո՞ւ եք Հայաստան:

-Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է` ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը