Քաղաքական

19.11.2019 10:30


Կարդինալ փոփոխություններ՝ ՊՆ-ում․ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»

Կարդինալ փոփոխություններ՝ ՊՆ-ում․ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»

«Ի՞նչ նախապատմություն կա մինչև վարչապետ Փաշինյանի երեկվա որոշումները, որոնցով աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետև նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը: Եվ, ահա,ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է:

Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանը, ի դեպ, սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաև Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Եվ, ահա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, Գլխավոր շտաբի պետը մեկ տեղակալ կունենա, և Օնիկ Գասպարյանը չի լքի այդ պաշտոնը: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն:

Դեռևս սեպտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները, ըստ ամենայնի, ցանկանում են ԳՇ պետ Արտակ Դավթյանին փոխարինել Օ. Գասպարյանով, Ա. Դավթյանին էլ նշանակել Մովսես Հակոբյանի փոխարեն՝ Զինվորական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:

Եվ, ահա, քննարկման ընթացքում նույնիսկ կարծիք է հնչել Օ. Գասպարյանին նշանակել Մովսես Հակոբյանի պաշտոնում, բայց համաձայնության չեն եկել՝ համարելով, որ Օ. Գասպարյանի պես զինվորականը չպետք է լքի զինված ուժերը:

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ մեկնաբանություններում, պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին արդյոք նոր իշխանությունների հետ` Մովսես Հակոբյանն ասել է. «Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է ՊՆ ենթակայության տակ»:

Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. «Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, և ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Իսկ Մովսես Հակոբյանն ի դեպ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը