Քաղաքական

19.11.2019 10:08


«ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքներ, որ կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել». Ս. Գերասիմչուկ․ «168 ժամ»

«ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքներ, որ կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել». Ս. Գերասիմչուկ․ «168 ժամ»

«Ռուսաստանը շարունակում է ամուր դիրքեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով հակառուսական փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ է քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

Սերգիյ Գերասիմչուկի խոսքով՝ նրանք, ովքեր սովորաբար մեկնաբանում են այս հարցը և գիտեն, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ավանդաբար, անկախ բանաձևի բովանդակությունից, աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հանգել են այն համոզմանը, որ այն երկրները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, իրենց քվեարկությունը մշտապես իրականացնելու են ռուսական քաղաքականության շրջանակում:

«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:

Այո՛, կա բացասական ազդեցություն՝ այդ քվեարկությունից ելնելով, բայց դա կանխատեսելի է, մեծ սպասումներ չկան, որ ինչ-որ բան կփոխվի, ինչպես չկան ակնկալիքներ, որ Ռուսաստանում ինչ-որ բան կփոխվի»,-ասաց Գերասիմչուկը:

Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ Հայաստանին վերաբերող բանաձևերի հնարավոր քվեարկության դեպքում Ուկրաինան վստահաբար կառաջնորդվի միայն միջազգային իրավունքի սկզբունքներով. «Ուկրաինական կողմը չի առաջնորդվի այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, քվեարկությամբ և դրան նման հարթակում «պատասխանելու» անհրաժեշտությամբ»:

Նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ ակնկալիքներ էր առաջացրել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միայն հայերի, այլ նաև ուկրաինացիների շրջանում: «Որոշակի ընդլայնում ենք տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը որևէ փոփոխության չի ենթարկվել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն անվտանգության ոլորտում կախված է Ռուսաստանից: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել: Կային ակնկալիքներ, որ ավելի սերտ համագործակցություն կլիներ ԵՄ-ի հետ, տեսնում ենք, որ որոշակի կապեր հաստատվում են, սակայն միևնույն ժամանակ՝ դեռ նկատելի է, որ Ռուսաստանը չափազանց ուժեղ ներկայություն ունի Հայաստանում: ԵՄ-ն դեռ որևէ առավելություն չունի ՀՀ-ում: Հայաստանի հարաբերությունների պատմությունը ԵՄ-ի հետ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ՀՀ-ում այնքան լծակներ ունի, որ կարող է արտաքին քաղաքական կուրսը փոխել առաջնորդների մակարդակով մեկ հանդիպման շնորհիվ: Պարզապես ուկրաինական տեսանկյունից հեղափոխական գործընթացներից մարդիկ սպասում են կարդինալ փոփոխություններ, այնինչ կարդինալ փոփոխություններ, ցավոք սրտի, տեղի չեն ունենում: Դրանք տեղի չունեցան Մոլդովայում, Ուկրաինայի դեպքում ևս հարց է, թե որքանով են փոփոխություններն արմատական: Այլ երկրների դեպքում հեղափոխությունը հանգեցրեց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, Հայաստանի դեպքում նման բան տեղի չունեցավ»,-ասաց Գերասիմչուկը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը