Քաղաքական

18.11.2019 21:13


Չի ստացվելու քաղաքացիների ոտքերից կախվել ու ճահիճների մեջ պահել. Փաշինյան (տեսանյութ)

Չի ստացվելու քաղաքացիների ոտքերից կախվել ու ճահիճների մեջ պահել. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները:

Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է: «Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել ևս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձևակերպված են որպես կառավարության ծրագիր, որոնք ձևակերպվում են որպես ռազմավարություն և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք:

Հետևաբար, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների և ասյտեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության և, ըստ էութան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք:

Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք և գտել ենք բոլոր հնարավոր հարցերի բանալին: Այն, որ չի կարող այսպես շարունակվել՝ շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար:

Բայց այստեղ կարևոր է, որ կարողանանք իսկապես շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, լսված կարծիքներից դուրս բերել ռացիոնալը, այնտեղ, որտեղ կարող ենք առավել սրբագրել մեր դիրքորոշումները, առավել արդյունավետ դարձնել մեր բարեփոխումները, դա նույնպես պետք է անենք: Նկատի ունեմ, որ այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը և, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն է նույնպես, որովհետև ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը:

Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահելը և այլն:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը