Լրահոս

17.02.2011 15:55


Իլհամ Ալիև. «Հայաստանը պետք է ընդունի ԼՂ անկախության անհնարինության մասին թեզը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։

–Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և իմ խոսքերի գլխավոր ապացույցն այն է, որ շուրջ 20 տարի մենք գտնվում ենք բանակցային գործընթացում։ 1992թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 1994թ. հրադադարի որոշում է ընդունվել։ Եվ այդ ժամանակվանից բանակցություններ են ընթանում։ Ցավոք սրտի՝ առանց որևէ արդյունքի,–ասել  է նա։

Ըստ Իլհամ Ալիևի՝ իրենք բանակցություններին աշխուժորեն մասնակցում են, քանի որ հույս ունեն, թե խաղաղ բանակցությունները կարգավորման կհանգեցնեն։

–Կարգավորումը, բնականաբար, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքների սկզբունքների վրա, որովհետև այլ հիմք լինել չի կարող։ Հակառակ կողմից կարող են լինել տարբեր սպասումներ, երազանքներ, բայց ամեն ինչ պետք է հանգի իրավաբանական ձևաչափի։ Եվ այս դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչված է ամբողջ աշխարհում։ Հայկական կողմի կառուցողական մոտեցման և  Լեռնային Ղարաբաղի անկախության անհնարինության մասին թեզի լիարժեք ընդունման դեպքում մենք առաջ կգնանք։  Այն դեպքում, եթե մեր առջև դրվեն անընդունելի պայմաններ՝ մեր առջև դրվի առանձնացման, անջատման մասին հարց, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության իրավաբանական հաստատման հարց, ապա, բնականաբար, բանակցությունները հեռանկար չեն ունենա։ Բանակցային գործընթացի ներկայիս փուլը կամ շրջանը հիմնվում է այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» և նրանց նորացված տարբերակի վրա, որոնք ապահովում են նրանց իրավունքները, ովքեր ապրում են Ղարաբաղում ու նրանց, ովքեր այնտեղ վերադառնալու են, ինչպես նաև ապահովում են ադրբեջանական տարածքների ազատում, արդբեջանցի փախստականների վերադարձ այդ տարածքներ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղ, Հայաստանի և Ադրբեջանի միջև  հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև անվտագության երաշխիքներ։ Ահա այն ձևաչափը, որ այսօր դրված է բանակցային սեղանին։ Իհարկե, այնտեղ կան նրբություններ, բայց խոշոր հաշվով խոսքն այս սկզբունքների մասին է։ Եթե այս ամենը ապահովվի, ապա, իհարկե, մոտակա ժամանակներում կարող ենք խոսել առաջընթացի մասին։ Եթե ոչ, ապա տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացումը կարող է գնալ տարբեր սցենարներով,–ասել է Ալիևը։

Այս խորագրի վերջին նյութերը