Տնտեսական

18.11.2019 11:30


Գյումրիում մեքենան մաքսազերծելը այլ ծախսեր է առաջացնում․ «Ժողովուրդ»

Գյումրիում մեքենան մաքսազերծելը այլ ծախսեր է առաջացնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի: Մինչեւ նոյեմբերի վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող մեքենաների մաքսային ձեւակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատանը: Այս մասին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Պարզվում է, որ նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիի նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում:

Սակայն ՊԵԿ-ի այս հայտարարությունն է՛լ ավելի է զայրացրել ավտոներկրողներին: Նրանցից Զորիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովվեց` նշելով. «Այդ հերթերը 2 կիլոմետրից կվերածվեն 4.5 կիլոմետրի: Մենք համաձայն ենք Գյումրիի տարբերակին, բայց մի պայմանով` մեքենաները չտանենք հասցնենք Գյումրի:

Դա լրացուցիչ ծախս է մեզ համար: Մենք խնդրում ենք, որպեսզի մեքենայի նույնականացման համարը ներկայացնենք մաքսատուն: Թե չէ ջարդված մեքենաներն էվակուատորների վրա դնել ու հասցնել Գյումրի ոչ միայն աբսուրդ է, այլեւ ծախսատար: Միայն 80 հազար դրամ ծախսում ենք դրանով մեքենան Գյումրի տանել-բերելու վրա: Էլ չենք խոսում այն մասին, որ էվակուատորի վարորդն է հրաժարվում հերթերի պատճառով մեկ-երկու օր Գյումրիում մնալ: Մնում է` աղոթենք, որ ձյուն չգա, թե չէ այդ խնդիրներին կգումարվի նաեւ սառած ճանապարհները»:

Տեղեկացնենք, որ Գյումրու ավտոմաքսատունը ծառայություններ է մատուցելու մեկ պատուհանի սկզբունքով: Իրականացվելու են ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում: Ըստ ՊԵԿ-ի` օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա»։

Այս խորագրի վերջին նյութերը