Լրահոս

17.02.2011 15:32


ԱԳՆ-ում տեղի ունեցավ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը

ԱԳՆ-ում տեղի ունեցավ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը

Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավարտական վկայականներ հանձնեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտական կադրերի պատրաստման» դասընթացի անդրանիկ շրջանավարտներին:

Արարողությանը, որին ներկա էին նաեւ դպրոցին աջակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ պատվիրակության եւ ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարները, շնորհավորելով շրջանավարտներին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց.

«Սիրելի շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի առաջին դասընթացը ավարտելու կապակցությամբ: Այսուհետ ձեր անունը գրված է լինելու Դիվանագիտական դպրոցի պատմության առաջին էջին:

Եվ մենք, ձեզ հետ միասին, այսօր շրջում ենք այդ առաջին էջը` տալով ձեզ ավարտական վկայականներ: Մեր դպրոցր նոր դպրոց է. մեկ տարի է միայն գործում, եւ վստահ եմ, որ տարեցտարի ավելի կայացած կդառնա, արդյունավետ կլինի` Արտաքին գործերի նախարարության համար կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու գործում:

Ես կցանկանայի նաեւ նշել, որ այս դպրոցը հնարավոր եղավ ստեղծել` ի շնորհիվ այն մեծ ուշադրության եւ հոգատարության, որ ցուցաբերեց մեր երկրի ղեկավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահը, եւ նաեւ այն աջակցության շնորհիվ, որ ցուցաբերվել է մեր դպրոցին նաեւ Եվրոպական Միության-ի կողմից, ԵԱՀԿ-ի կողմից: Այսօր այստեղ են գտնվում ԵՄ պատվիրակության եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարները` պարոն Լյուցենբերգերը եւ պարոն Կապինոսը. ես կցանկանայի նրանց շնորհակալություն հայտնել:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել իրենց աջակցությունը բերած բոլոր երկրներին, այդ երկրների արտաքին գործերի նախարարություններին, դիվանագիտական ուսումնական հաստատություններին:

Դիվանագիտական դպրոցում դասախոսություններ կարդացին մասնագետներ Ռուսաստանից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Ճապոնիայից, Սլովակիայից, Շվեյցարիայից: Մի շարք արտաքին գործերի նախարարներ, մոտ երկու տասնյակ դեսպաններ դասախոսություններով հանդես եկան մեր դպրոցում:

Այս մեկ տարվա դասընթացը բավական հագեցած էր, բայց նորից եմ ասում` սա դեռ առաջին քայլերն են, եւ վստահ եմ, որ մեր դպրոցը տարեցտարի առավել կայացած եւ արդյունավետ հաստատություն կդառնա:

Ձեզնից մի մասը, որոնք հաջողությամբ անցել են դասընթացը, տվել են առավել հաջողությամբ քննությունները, նաեւ ավարտական քննությունները, համալրելու են Արտաքին գործերի նախարարության շարքերը:

Ցանկանում եմ հաջողություն մաղթել ձեզ բոլորիդ, բոլոր նրանց, ովքեր ավարտել են, բոլոր նրանց, ովքեր ընդունվելու են Արտաքին գործերի նախարարություն:

Գիտեք, որ ԱԳՆ ընդունվածները վեց ամսվա փորձաշրջան պետք է անցնեն, եւ դրանից հետո դիվանագետ կդառնան: Համոզված եմ նրանց համար, ովքեր այդ հնարավորությունը չեն ունենալու, այլ հեռանկարներ կբացվեն:

Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ, շնորհավորել բոլորին եւ կանաչ ճանապարհ մաղթել: Ինձ համար մեծ պատիվ է եւ ուրախություն հանձնել ձեզ այս վկայականները: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրենին, փոխարտգործնախարարներին, Հայաստանի արտգործնախարարության տարբեր վարչությունների ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր դասախոսություններ են կարդացել: Դա շարունակական բնույթ է կրելու եւ այս տարի:

Գիտեք, որ շուտով արդեն նոր ունկնդիրներ են ընդունվելու: Քննությունների մի մասը արդեն կայացել է, առաջիկա օրերին կկայանա քննությունների հաջորդ փուլը եւ, ինչպես եւ անցյալ տարի, քսանհինգ նոր ունկնդիր կընդունվի Դիվանագիտական դպրոց:

Հուսով եմ, որ այս ամենը կշարունակվի, եւ ապագայում կգա մի օր, որ  արտգործնախարարության միգուցե ոչ բոլոր դիվանագետները, բայց մեծամասնությունը կլինի ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտները:

Շնորհավորում եմ բոլորին եւ հաջողություն եմ ցանկանում:»

Դիվանագիտական դպրոցի լավագույն 12 շրջանավարտները համալրեցին դիվանագիտական ծառայության շարքերը եւ փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու պարագայում կստանան իրենց առաջին դիվանագիտական աստիճանը:

Այս խորագրի վերջին նյութերը