Աշխարհ

16.11.2019 11:40


Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար (տեսանյութ)

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար (տեսանյութ)

Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է նաև Իսրայելին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը։

Հիշեցնենք` հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում լրագրողը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։
Սոլովյովի խոսքով` տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է և սպասում է ԱՄՆ–ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն։

«Եվ ահա, թվում էր` վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և զուտ քաղաքականություն», – հավելել է Սոլովյովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ ևս։

Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի մասին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդավարն այս թեմայով խոսել է Իսրայելի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Նա չի հասկանում, թե ինչպես իր ժողովուրդը (հաղորդավարը հրեական արմատներ ունի` խմբ.), անցնելով այդքան սարսափների և աղետի միջով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերելով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ», – ասել է լրագրողը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին, ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն ընդունվել էր 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Բայց բանաձևը Սենատ չի անցել, քանի որ Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվել է բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը