Քաղաքական

15.11.2019 17:00


Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Հայաստանում տիրող իրավիճակի քաղաքագիտական ձևակերպումը քաղաքական «շիզմ»-ն է. այն տարատեսակ բաժանարար գծերի միջոցով սկզբնական շրջանում հասարակությունը կառավարելի դարձնող երևույթն է, որը վերջնարդյունքում տանում է հասարակության պառակտմանը։ Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նա նշեց, թե քաղաքական պառակտումը կամ քաղաքական «շիզմ»–ը ֆորմալ առումով տեղի ունեցավ, երբ Երևանի քաղաքապետ, նախկին դերասան Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում միամտորեն հայտարարեց, թե դաշտը բաժանվում է «սևերի» ու «սպիտակների»: «Սա առաջին բաժանարար գիծն էր, որից հետո ուղղակի ավելացան հասարակության ներսում եղած խրամատները»,-ասաց Սամսոնյանը:

Նրա խոսքով` այս երևույթը եղել է նաև մինչև Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալը, երբ նա դեռ ընդդիմություն էր։

«2007-ից այդ գործընթացն ավելի սրվեց` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Երբ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո դաշտն սկսեց ավելի սրվել, տարանջատումներն էլ ավելացան: «Շիզմ»–ի տարածման հիմքերից մեկն էլ «Սասնա Ծռեր»-ի ահաբեկչությունն էր. բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկիչների ֆորմալ և փաստացի փաստաբաններ: Պետության վրա հարձակված տեռորիստներին, ստահակներին պաշտպանող մարդիկ կային և կան»,- ասաց նա՝ նշելով, թե այդուհետ բաժանարար գծերն անընդհատ արմատանում էին, և արդյունքը եղավ 2018-ի ապրիլը:

«Այդտեղ չկար սեր և հանդուրժողականություն, կար սուտ, կեղծիք, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ, կային Սամվել Ալեքսանյանի մասին կեղծ տեղեկություններ, իսկ այսօր նա ընտանիքի օլիգարխ է դարձել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը` ընդգծելով նաև, թե Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության օրոք իշխանությունը չի եղել քաղաքական «շիզմ»–ի կրող:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարն ասաց նաև, թե Նիկոլ Փաշինյանն էլ, մինչ իշխանությանը գալը, այդ «շիզմ»–ի կրողն էր: «Շատերն, ովքեր այսօր կառավարության մեջ են, ժամանակին Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Սերժ Սարգսյանի ագենտը լինելու մեջ, նաև` իր խոսնակը»,- ասաց նա։

Նարեկ Սամսոնյանը նաև նշեց, թե ստեղծված իրավիճակում կա մի բան, որ պետք է անել` ստեղծել մարմիններ, որոնք հակադրվելու են «պողոսներին»: «Պետք է դրսում ՀՀ-ի քաղաքական օրակարգը թելադրողների փոփոխություն կատարել, որակյալ փոքրամասնություն ձևավորել, որը կարող է հակադրվել «պողոսներին»: «Պողոսները» լռելու են այն ժամանակ, երբ իրենց հակադրեն խելամիտ, իրական քաղաքական և քաղաքացիական գիտակցություն ունեցող քաղաքական ու քաղաքացիական ուժերով»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը մեջբերեց փիլիսոփաներից մեկի միտքը` «վատի զարգացման համար ընդամենը մի բան է պետք` որ լավ մարդիկ ոչինչ չանեն»: «Այժմ գնդակը լավ մարդկանց դաշտում է: Նրանք պետք է սկսեն անել ամեն ինչ, որ քաղաքական դաշտում բարձր լարումն ավարտվի, իսկ դա ավարտվելու է, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ դատապարտյալ` Երևան քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը