Աշխարհ

14.11.2019 12:02


Էրդողանը Վաշինգտոնում «ամոթալի քայլ» է որակել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Էրդողանը Վաշինգտոնում «ամոթալի քայլ» է որակել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, երեկ Վաշինգտոնում հայտարարեց Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը»,-ընդգծեց Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը,-Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է որոշում կայացնեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք և հայկական կողմին առաջարկել ենք փոխադարձաբար բացել արխվներն ու պատմական հանձննաժողով ստեղծել: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չանդրադարձավ: Ժամեր անց, սակայն, պարզ դարձավ, որ նրան աջակցող սենատորներից մեկը` Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումը օրենսդիր մարմնի վերին պալատում` Սենատում:

Փաստաթուղթը շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսը` կոչ անելով անմիջապես անցնել քվեարկության` առանց հավելյալ քննարկումների: «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների փաստերը»,-հայտարարել էր հայամետ սենատորը:

Հարավային Կարոլինայից ընտրված Լինդսի Գրահամը տեղում առարկել էր` պնդելով, թե սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերստին գրել:

Դրանից ժամեր առաջ Գրահամը հանրապետական մի շարք այլ սենատորների հետ մասնակցել էր նախագահներ Թրամփի և Էրդողանի միջև Սպիտակ տանը կայացած հանդիպմանը: «Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կարող են միասին հաղթահարել այս խնդիրը»,-հայտարարել էր նա:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները, մինչդեռ, բոլորովին այլ կերպ են մեկնաբանում Գրահամի այդ որոշումը: «Ակնհայտ է, որ Ներկայացուցիչների տանը գրեթե միաձայն ընդունված բանաձևից հետո Սենատը ևս հավանություն կտար` ձայների գերակշիռ մեծամասնությամբ»,-հայտարարել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով` եթե Լինդսի Գրահամին դուր չէր գալիս այս բանաձևը, նա կարող էր դեմ քվեարկել, ոչ թե արգելափակել` զրկելով գործընկերներին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Ի դեպ, Ամերիկայում բնակվող հայերը` հարյուրավոր քրդերի և հույների հետ, երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Սպիտակ տան մերձակայքում` «Էրդողանն ահաբեկիչ է, մարդասպան, ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներով:

Ի տարբերություն ցուցարարների՝ Սպիտակ տան ղեկավարը ջերմ ընդունելության էր արժանացրել Էրդողանին:

«Մենք շատ հիասքանչ ու արդյունավետ հանդիպում ունեցանք»,-դռնփակ բանակցություններից հետո հայտարարել էր Թրամփը, հավելելով` ինքը նախագահ Էրդողանի մեծ երկրպագուներից է, և իրենք ընկերներ են ծանոթության առաջին օրից:

Համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահը պնդել էր, թե իրենք կարող են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնությունները, սակայն չէր մանրամասնել` երբ և ինչպես:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը