Քաղաքական

14.11.2019 10:46


«Շուրա՛, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ «168 ժամ»

«Շուրա՛, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ «168 ժամ»

«Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019 թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում են գերատեսչական գլխավոր քարտուղարի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նշել էինք նաև, որ վարչապետ Փաշինյանը սեփական թիմին խրախուսելու համար ամենամսյա ճոխ պարգևատրումները սկսել է անել 2019 թ. մայիսից, և դա արվում է ծածուկ կերպով՝ հատուկ մշակված ինչ-որ անհասկանալի մեխանիզմի միջոցով։

Չի բացառվում, որ իր գործունեությունը թափանցիկ և հաշվետու հռչակած կառավարությունը ներդրված մեխանիզմը մոգոնել էր հանրային պարսավանքներից, հասարակության քննադատություններից խուսափելու համար, ինչը, սակայն, չհաջողեց։

Մեր հրապարակումից մեկ ու կես ամիս անց՝ «Հետք» պարբերականը համառ հարցումների օգնությամբ գաղտնազերծեց նորօրյա չինովնիկներին խրախուսելու ողջ սխեման՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին։ Պետբյուջեից բաշխվող միլիոնավոր դրամների աշխատավարձերի մասին կառավարությունը խուսափել էր մանրամասներ տրամադրել՝ հիմնավորմամբ, թե իբր որոշումը գաղտնի է։

Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկության շնորհիվ է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն՝ նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Բարձրանում են Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը՝ այն մարդկանց, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակ աղքատությունը հասել է 35 տոկոսի, արտագաղթն ահագնացել է: Երևի կարելի է ենթադրել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, դրա համար էլ նման կերպ են աշխատել …Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ աղքատ է, այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է, և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն՝ որպես պոպուլիստական»,-2013 թ. ԱԺ ամբիոնից ասում էր նա:

Նույն կերպ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէր՝ ինչո՞ւ պիտի բարձրանան վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարարի, քաղաքաշինության նախարարների աշխատավարձերը, արդյոք ա՞յն պատճառով, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը քարուքանդ անում մշակութային արժեքը՝ Փակ շուկայի շենքը:

«Այդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատավարձը: Ավելի քան մեկ տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք ապրել գլխապատառ փախչող ժողովրդի համար: Աշխատավարձերս ցածր էր՝ դրա համա՞ր չենք կարողացել: Հիմա էլ պատգամավորները բողոքում են, թե ինչու է նոր սանդղակով իրենց աշխատավարձը նույնացվում նախարարների հետ: Չնեղանաք, բայց պետք է ասեմ՝ դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են՝ դակում, օրենք ենք սարքում»,-սրանք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2013 թ. հոկտեմբերի 24-ին հնչեցրած ելույթից հատվածներ են, որով նա քննադատում էր այդ ժամանակվա իշխանություններին։ Ելույթի վերջում Փաշինյանն ասում էր, որ ստեղծված իրավիճակն իրեն հիշեցնում է Օստապ Բենդերի հայտնի հարցը՝ «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»:

Ինչ խոսք, կյանքը բումերանգ է. ժամանակին նախկին իշխանություններին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր այն բանի համար, որ ՀՀԿ իշխանությունները ԱԺ էին ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ, որով բարձրացվում էր պաշտոնյաների, պատգամավորների աշխատավարձերը։ Այսօր նույն Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացումն անում է բոլորից թաքուն, որպեսզի հասարակությունը չնկատի և չքննադատի։ Լրատվամիջոցները թույլ չտվեցին դա գաղտնի անել։

Եվ, վերադառնալով հեղափոխական նախարարների, փոխնախարարների և մյուսների աշխատավարձերի կտրուկ և գաղտնի կերպով բարձրացմանը, նշենք. հատկանշական է, որ այսօր «հատուկ վերաբերմունքի» արժանացնելու հարցում նշված արտոնյալների ցանկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներառել ստորին օղակում աշխատողներին, մինչդեռ վարչության պետերն ու բաժինների ղեկավարները, գլխավոր մասնագետները պետական կառավարման համակարգում լոկոմոտիվն են համարվում։

Բայց ահա 168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ նույն գաղտնի հրամանով արտոնյալ վճարվող նախարարների շարքում այսուհետ դասվում են նաև Տեսչական մարմինների պետերը, ընդ որում՝ նրանց աշխատավարձը 7.5 գործակցից հասել է 10-ի։

Այսինքն՝ Տեսչական մարմինների ղեկավարները ստանում են 1 մլն դրամ մաքուր աշխատավարձ, իսկ սա արվել է իբր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, անկախ մոտիվացիայի կամ նրանց կատարողականի արդարացված լինելուց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը