Քաղաքական

13.11.2019 20:24


Նիկոլ Փաշինյանը «Հուզանք ու զանգ» ներկայացումը համեմատեց Փարաջանովի գործերի հետ

Նիկոլ Փաշինյանը «Հուզանք ու զանգ» ներկայացումը համեմատեց Փարաջանովի գործերի հետ

Պետք է պարզել, թե քանի հոգու հրաժարական են պահանջել այդ նույն մարդիկ, այն ժամանակ, երբ Հայաստանում թևածում էր կոռուպցիան: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին:

Վարչապետը խոսեց նաև «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին՝ հայտարարելով, թե քաղաքականություն են որդեգրել, որ արվեստի ու մշակույթի բնագավառում այլ քաղաքականություն պետք է լինի, ֆինանսավորեն մշակույթը, քաջալերեն ստեղծագործ աշխատանքը. «Գրանտային ծրագրեր են իրականացվել: Նշյալ ներկայացումը 22 նախագծերից մեկն է»:

Փաշինյանը հայտնեց, որ ԿԳՄՍՆ-ն քննադատությունները հաշվի է առել և մտածում է դրամաշնորհ տրամադրելու մեխանիզմները փոփոխության ենթարկելու մասին, որպեսզի ոչ միայն թղթի վրա պատկերացում լինի ներկայացման մասին:

«Արվեստը հենց նրանով է արվեստ, որ ոչ միշտ է միանշանակ: Ժամանակին տեսեք, թե Փարաջանովի գործերի մասին ինչեր են ասել»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ներկայացումը սատանիստական է, Փաշինյանն ասաց, որ համապատասխան մարմիններից տեղեկանք է ուզել սատանիզմի մասին. «Ես լավ գիտեմ Նոր Կտակարան, բայց ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը: Հայաստանում այսօր պայքար է գնում սակավամտության և լայնագիտության միջև: Եկեք հիշենք, որ ժամանակին մարդու են վառել, երբ նա ասել է, որ երկրագունդը կլոր է: Այդ վառողների գաղափարակիցները հիմա էլ են ապրում, բայց դա չի նշանակում, որ պետք է նրանց թույլ տանք վառել ում ուզում են»:

«Եկեք նայենք, թե ժամանակին ինչ են ասել Չարենցի, Բուլգակովի մասին: Հիմա որ սատանիստական ասում եք, եթե նայես Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներից ոմանց բեղերին, կարող ես ասել, որ սատանիստական բեղեր են, ու որևէ մեկը չի կարող հակառակն ապացուցել: Եկեք չափորոշիչներ մշակենք: Օրինակ՝ այնտեղ մարդիկ կան, ովքեր քաղաքական գործունեությամբ հայտնի են, ու երբ նայում ես հայացքին ու խոսացածին, կարող է լինել մեկնաբանություն, որ ոգեշնչվում են սատանայից, որովհետև կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Հրաժարական պահանջողներից ոմանք կառուպցիայի ժամանակ ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ նաև օգտվել են կոռուպցիայից»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը