Հարցազրույց

13.11.2019 10:50


Հասարակական համերաշխության հաստատումը շուռ կգա հենց իշխանության դեմ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Հասարակական համերաշխության հաստատումը շուռ կգա հենց իշխանության դեմ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Չկան քաղաքական ընդդիմադիր ուժեր, խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ծառայում է Նիկոլ Փաշինյանի խնդիրների լուծմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, այն չի կարողանում նախ իր ձևաչափը ճշգրտել, և ապա՝ վախենում է Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվելուց: Ամեն դեպքում, քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը մարդկանց փողոց դուրս բերելը չէ»:

Ըստ քաղաքագետի՝ պետք չէ մեծ հույսեր ունենալ, թե «Կուսակցությունների մասին» ՀՀ նոր օրենքը քաղաքական դաշտը կզուլալեցնի. «Ներկա իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Բիզնեսին այլևս շահավետ չէ անմիջականորեն մնալ քաղաքականության մեջ: Քաղաքականությունն ավելի շատ ֆինանսավորվում է ստվերային կողմերով, միջնորդավորված: Միայն ԲՀԿ-ն է, որ յուրահատուկ դեպք է մեր իրականության մեջ»:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ իշխանությանը ձեռնտու չէ հասարակական համերաշխության հաստատումը, քանի որ եթե նման քայլեր արվեն, սև-սպիտակ բաժանումը վերացվի, կլինեն ընդդիմադիր կուսակցությունների միավորումներ. «Վախի մթնոլորտում համերաշխություն ստեղծելը կլինի հակաիշխանական, այն շուռ կգա իշխանության դեմ, և հակառակը՝ որքան իշխանությունն ավելի կոտորակի հասարակությանը սևերի և սպիտակների, այնքան ավելի հեշտ կլինի կառավարել»:

«Եթե Նիկոլ Փաշինյանի թիմն ասում է՝ նախկինները ռևանշիստներ են, ընդդիմադիրներն էլ ասում են՝ ներկաները ստալիններ են: Մենք տեսնում ենք, որ մարդկանց տանում, նստեցնում են, հետո նոր որոշում՝ ինչ հոդված դնել նրանց վրա»,- ասել է քաղաքագետը:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ամբողջական իշխանության համար Փաշինյանին պետք է նաև Արցախը, որն իրեն չի ենթարկվում և չպետք է ենթարկվի. «Մինչև հիմա ՀՀ-ի և Արցախի իշխանություններն ունեցել են նույն գենեզիսը՝ արցախյան շարժումը: Փաշինյանն իշխանության է եկել դրանից դուրս, և բնական է, որ նրանց մեջ կարող են լինել տարընթերցումներ: Արցախի հարցը հիմնական հարցն է, որը Նիկոլ Փաշինյանը պետք է լուծի, իսկ նա չի արտահայտել իր մոտեցումները, կամ էլ դրանք եղել են հակասական ու դեկլարատիվ»:

Ենոքյանի կարծիքով՝ Փաշինյանը շատ հեշտ լուծեց օլիգարխների հարցը՝ ասելով, թե նրանք գործարար են. «Օլիգարխները չեն եղել ՀՀԿ-ինը կամ Քոչարյանինը, նրանք եղել են պետության ղեկավարինը, հիմա ղեկավարը փոխվել է, նրանք իրենց լոյալությունն են հայտնում նոր ղեկավարին»,- ամփոփել է քաղաքագետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը