Լրահոս

12.11.2019 10:45


Երբ սահման պահող զինվորի ու ծանր հանցագործության համար պատիժը կրող դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում. «168 ժամ»

Երբ սահման պահող զինվորի ու ծանր հանցագործության համար պատիժը կրող դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում. «168 ժամ»

«Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը մեծ շուքով սննդի որակը բարելավելու փորձնական ծրագիր ներկայացրեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ այդ նպատակով նաև լրագրողների համար մեդիա-տուր կազմակերպելով:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովումը նախարարությունը տվել է մասնավոր հատվածին:

Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը», հաղթել ու արդեն հոկտեմբերի կեսից փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ՝ հաց): Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ծրագիրը շարունակելու միակ խնդիրը ֆինանսական խնդիրն է: Այս տարի ՔԿՀ-ներում սննդի ապահովման համար պետությունը պետբյուջեից հատկացրել է ավելի քան 723 միլիոն դրամ:

«Եթե ծրագիրը շարունակենք 2 քրեակատարողական հիմնարկում, 2020 թվականի բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է: Աննշան հավելում է պահանջում: Եթե 2020 թվականից ծրագիրը շարունակենք իրականացնել 4 քրեակատարողական հիմնարկում, մեզնից կպահանջվի լրացուցիչ մոտ 250 միլիոն դրամ: Եթե բոլոր 12 ՔԿՀ-ներում միաժամանակ իրականացնենք, ապա շուրջ 570 միլիոն դրամ հավելյալ գումար կպահանջվի»,- ասել է նախարար Ռուստամ Բադասյանը:

Ստացվում է՝ այս ծրագրի ներդրմամբ պետությունը 1 դատապարտյալին կերակրելու համար օրական կծախսի 1400 դրամ:

Հիացմունքի արժանի՞, թե՞ հերթական չարդարացված անհեռանկար ծախսը

Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է, օրինակելի ու հիացմունքի արժանի, թե՞ սա հերթական չարդարացված անհեռանկար ծախսն է՝ այն առումով, որ որևէ, անգամ ամենապոպուլիստ կառավարության համար լուրջ հարց է լինելու այս ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը:

Նախ այս ծրագրով 1 դատապարտյալին կերակրելու համար շուրջ 3 անգամ ավելի գումար է տրամադրվում, քան նախկինում:

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, երբ պատերազմող երկրում սահման պահող զինվորի ու, ասենք, ծանր հանցագործության համար իր պատիժը կրող դատապարտյալի միջև փաստացի հավասարության նշան է դրվում, քանի որ, փաստորեն, երկուսին էլ սպասարկում է նույն մասնավոր ընկերությունը՝ գրեթե նույն ճաշացանկով:

Եվ պետք չէ այստեղ բարոյախրատական ճառեր կարդալ մարդու իրավունքների մասին, որովհետև դատապարտյալների սնունդը նախկինում և այսօր էլ մնացած ՔԿՀ-ներում, որոնք այս ծրագրից չեն օգտվում, տրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչների համաձայն, այսինքն՝ մթերքները, սննդատեսակները, կալորիականությունն ու մնացած չափորոշիչները համապատասխանում են ԱՀԿ ստանդարտներին:

Ուրեմն ստաբիլ արդյունք ունենալու համար ավելի նպատակային չէ՞ր լինի ուժեղացնել վերահսկողությունը սննդի կազմակերպման նկատմամբ, քանի որ, ըստ էության, այստեղ խնդիրը որակյալ սնունդ պատրաստելու մեջ է:

Չենք քննարկում այն հարցը, որ դրսից խոհարարներ բերելով՝ ընդհանուր առմամբ թվով 70-80 դատապարտյալ կզրկվի աշխատանքից (եթե բոլոր ՔԿՀ-ներում ծրագիրը գործարկվի, ապա այդքան դատապարտյալ կզրկվի աշխատանքից), ինչը լուրջ խնդիր է առանց այդ էլ աշխատատեղերի խնդիր ունեցող, սակայն վերասոցիալականացումը՝ որպես գերակա հիմնախնդիր համարող համակարգի համար: Սակայն, եթե նույնիսկ դա էլ անտեսենք, միայն դրսից բերված խոհարարները չէի՞ն կարող արդյոք պատշաճ վերահսկողության պայմաններում լուծել որակյալ սնունդ տրամադրելու հարցը:

Մեկ այլ խնդիր. ՔԿՀ-ներում լրակազմը՝ ազատազրկված անձանց քանակը, երբեք ստատիկ չի լինում, և, անընդհատ շարժի պայմաններում, երբ նախապես մեկ շաբաթվա կտրվածքով հաստատվում է սննդի չափաքանակն ու ճաշացանկը, ինչպե՞ս են որոշում՝ որքան սնունդ է անհրաժեշտ յուրաքանչյուր օրվա համար:

Խնդիր է նաև ավելացած սննդի հարցը: Ենթադրաբար՝ սնունդ կազմակերպող ընկերությունը յուրաքանչյուր օր ծառայություն է մատուցում 100 տոկոս օգտվող լրակազմի համար, և որքան էլ պնդեն, թե սպառումը կատարյալ է, դա չի կարող այդպես լինել, որովհետև դատապարտյալներ կան, որ միայն իրենց ընտանիքների պատրաստած կերակուրն են ուտում, և վերջ: Կան նաև այլ «խոչընդոտներ» սննդից հրաժարվելու, որոնց մասին ենթադրաբար Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունը պետք է որ շատ լավ իմանան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը