Քաղաքական

12.11.2019 10:18


Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը․ «Փաստ»

Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը․ «Փաստ»

«Իշխանության ղեկը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է պետական համակարգում օպտիմալացումների իրականացման խնդրին:

Նա օպտիմալացման գործընթացի անհրաժեշտությունը հիմնավորում է պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Պատահական չէ, որ վարչապետն իր բազմաթիվ ելույթներում նշում է, որ երբ պետական համակարգում աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, իսկ դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազման: Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար: Վարչապետը նաև ընդգծում է, որ միևնույն գործառույթներն իրականացնող հաստատությունները պետք է կրճատվեն:

Արդյունքում օպտիմալացման դրոշի ներքո ներկայիս իշխանությունները փոխեցին կառավարության կազմը, կառուցվածքը, ինչպես նաև կրճատեցին նախարարությունների թիվը՝ 17 նախարարությունից թողնելով միայն 12-ը:

Օպտիմալացման արդյունքում տեղի ունեցավ նաև հաստիքների կրճատում, և որոշ թվով աշխատակիցներ կորցրին իրենց աշխատանքը: Սակայն պարզվում է, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 534 միավորով:

Կրճատելու փոխարեն՝ ամենաշատ հաստիքները կավելանան կառավարության աշխատակազմում, որը հաջորդ տարի կհամալրվի ևս 150 հաստիքային միավորով։

Ու դա տեղի կունենա վարչապետի որոշման հիման վրա, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 1-ին։ Մեծ թվով հաստիքներ են ավելանալու նաև օպտիմալացման ենթարկված նախարարությունների կազմում:

Ստացվում է, որ հաջորդ տարի հարկատուներս ստիպված ենք լինելու վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։

Կառավարության այս քայլը հակասում է վարչապետի այն հայտարարությանը, թե օպտիմալացման նպատակներից մեկը պետական կառավարման համակարգի աշխատողների համար պատշաճ աշխատավարձ ապահովելն է:

Բացի այդ, անհասկանալի է կառավարության վարած քաղաքականության տրամաբանությունը՝ մի կողմից հայտարարել պետական համակարգում օպտիմալացումների իրականացման մասին, կրճատել նախարարությունները, իսկ մյուս կողմից հաջորդ տարվա համար ավելացնել հաստիքների թիվը:

Կառավարությունը պետք է հիմնավորի, թե ինչով է պայմանավորված բյուջեով նախատեսված հաստիքների թվի ավելացումը: Ի՞նչ խնդիր է լուծում այն:

Արդյոք կառավարության աշխատակազմի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՞, եթե համալրվի ևս 150 հաստիքային միավորով:

Եթե պետական համակարգն, ըստ վարչապետի, ուռճացված էր, ապա ինչո՞ւ է կառավարությունը շարունակում ընդլայնել այդ ուռճացումը:

Այս հարցերի պատասխանը մենք չունենք, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսքը և գործը չեն համապատասխանում միմյանց:

Եվ մենք չպետք է զարմանանք, որ ամեն քայլափոխի գործ ունենք պոպուլիզմի կամ էժանագին ժողովրդականության պատրանքի հետ:

Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է քարոզչությունը և ցուցադրականություն ապահովելը, թե՝ տեսեք, գործադիր իշխանությունը արմատական քայլերի է գնում, քան իրական արդյունքները, քանի որ գործնականում կարող է լինել հակառակը:

Օրինակ՝ կառավարությունը քարոզչական նպատակադրումներից նախաձեռնում է նախարարությունների միավորման գործընթացը, որը ենթադրում է հաստիքների հավելյալ օպտիմալացում, բայց իրականում այդ նախարարությունների աշխատակազմի ավելացում է տեղի ունենում:

Ըստ էության, իշխանությունների գլխավոր մոտիվացիան պետք է լինի ոչ թե օպտիմալացման գործընթացի անվան տակ շահել հանրության համակրանքը, հետո մի բան էլ հաստիքների ավելացում ապահովել, այլ այնպիսի ռեալ մեխանիզմների ստեղծման վրա կենտրոնանալը, որը թույլ կտա պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և ճկուն, երբ հասարակության բարձրացրած խնդիրներն արագ լուծում ստանան:

Միայն այդ ժամանակ հանրությունը գոհ կլինի կառավարության վարած քաղաքականությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը