Աշխարհ

11.11.2019 20:12


Նոյեմբերի 12-ից Ադրբեջանի բանակում զորավարժություններ են մեկնարկում

Նոյեմբերի 12-ից Ադրբեջանի բանակում զորավարժություններ են մեկնարկում

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ից Ադրբեջանի բանակի մասշտաբով մեկնարկելու են օպերատիվ զորավարժություններ: Դրանց ներգրավված անձնակազմի և տեխնիկայի քանակի մասին չի նշվում:

Զորավարժություններն ընթանալու են 3 փուլով: Դրանց հայտարարվող նպատակներից են՝ շտաբերի և ղեկավարման մարմինների պատրաստության, ինչպես նաև հարձակողական գործողություններում համազորային միավորումների, ռազմաօդային, ռազմածովային, հրթիռահրետանային և հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության բարելավումը:

Նշենք, որ այս տարի Ադրբեջանում արդեն անկացվել է խոշոր 4 զորավարժություն՝ դրանցից մեկը Նախիջևանում՝ Թուրքիայի ԶՈւ հետ համատեղ: Մյուս 3-ն, ըստ էության, թիկունքային ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ «առաջնագծային կորպուսների» զորավարժություններ էին:

Այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժությունը թիկունքային ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ 1-ին կորպուսի վարժանքներ էին, որտեղ խաղարկվում էին Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան հատվածներից ճեղքման գործողություններ։ Մայիսի վերջին կայացավ երկրորդ խոշոր զորավարժությունը՝ կրկին թիկունքային ուժերի աջակցությամբ արդեն Ադրբեջանի ԶՈւ 2-րդ կորպուսի մասնակցությամբ, որը Արցախի արևելյան և հարավարևելյան հատվածում գրոհի խաղարկություն էր։ Սեպտեմբերին էլ նույն սցենարով կայացավ 3-րդ կորպուսի զորավարժություն։

Նշենք նաև, որ նախորդ տարի ևս՝ նոյեմբերի 12-ից, Ադրբեջանում անցկացվել են զորավարժություններ: Դրանք հրամանատարաշտաբային էին, որտեղ խաղարկվում էր Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի և տարբեր վարչությունների աշխատանքը, փորձարկվում էր զորքերի անընդհատ ղեկավարման, փոխգործակցության, տվյալների փոխանցման և իրավիճակային արագ որոշումների կայացման ունակությունները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը