Քաղաքական

11.11.2019 20:05


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ։ Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից։

Օդանավակայանում նրան դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։

Այս խորագրի վերջին նյութերը