Քաղաքական

11.11.2019 14:22


Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում․ բրիտանական Barclays

Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում․ բրիտանական Barclays

Բրիտանական ազդեցիկ Barclays ֆինանսական կոնգլոմերատը գնահատել է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Օրերս հրապարակված «Հայաստան. բարեփոխումների առաջընթաց աջակցելու համար վարկանիշներն ու պարտատոմսերը» փաստաթուղթը նախատեսված է ներքին օգտագործման և ֆինանսական կորպորացիայի գործընկերների համար։

Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը վճռականորեն առաջ է ընթանում կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով՝ չնայած դեռ անհրաժեշտ է համոզվել, թե արդյոք առկա՞ է բավարար քաղաքական կամք՝ վերջնականապես վերափոխելու Հայաստանի տնտեսությունը։ Փաստաթղթի հեղինակները «նկատելի» են որակում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը հարկային օրենսդրության ու վարչարարության ուղղությամբ, ինչի արդյունքում կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։ Barclays-ն արձանագրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ այս տարվա մայիսին համաձայնեցված 248 մլն․ դոլար կազմող վարկային համաձայնագիրը կօգնի կառավարությանը դիմագրավելու հնարավոր արտաքին տնտեսական ցնցումներին։

Բրիտանական ֆինանսական հսկայի գնահատմամբ՝ բարեփոխումների ուղղությամբ Փաշինյանի կառավարության քայլերը դանդաղկոտ են։ «Այս տարվա սկզբին կառավարությունը ընդունեց բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի իրականացումը կբերեր ՀՆԱ-ի կայուն աճի, եթե այն ընթանար ճիշտ ուղղությամբ»։ Ըստ Barclays-ի՝ կառավարության ծրագիրը ընդհանրական է՝ առանց մանրամասների և կոնկրետ գործողությունների, ինչի արդյունքում առաջընթացը մինչ օրս դանդաղ է։

Barclays-ը նկատում է, որ չնայած կառավարության ծրագրի առանցքում երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի վերափոխումն է՝ ուժեղացնելու պետական ինստիտուտները և ամրապնդելու օրենքի իշխանությունը, ինչպես նաև բարելավելու գործարար միջավայրն ու խթանելու տնտեսական աճը, սակայն այն մանրամասները և գործողությունները, թե ինչպես է դա արվելու, պարզ չէ, իսկ ծրագրում բացակայում են արդյունքների գնահատման քանակական ցուցիչները՝ բացառության մեկ-երկու թվային տվյալների։

«Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ առկա են որոշ բարդություններ։ Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դանդաղում է՝ վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան կամ լուծելու ոսկու կորզման Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջ եկած իրավիճակը։ Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենը մասամբ հետևանք է այն բանի, որ կառավարությունը դժկամ է՝ ընդունելու ոչ պոպուլյար, ոչ ժոովրդահաճո որոշումներ (Հայաստանի հասարակության պահպանողական հատվածը ընդդիմանում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, իսկ Ամուլսարի հանքավայրի աշխատանքները դադարեցված են բնապահպանների բողոքի գործողությունների արդյունքում)։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է հօգուտ «Լիդիանի», սակայն մինչ օրս ոչինչ չի արել՝ վերջ դնելու բողոքի ակցիաներին, ինչի արդյունքում հանքավայրը մնում է փակ։ Սա չափազանց առանցքային օրինակ է, որը կարող է իր կարևոր ազդեցությունն ունենալ օտարերկրյա ընկերությունների կողմից ապագայում Հայաստանում տարբեր ծրագրերում ներդրումներ կատարելու հարցում։ Այսպիսով, Փաշինյանի դժկամությունն այս ուղղությամբ դրական ազդակ չէ, որ ուղարկվում է»,-արձանագրում է Barclays-ի փաստաթուղթը։

Խնդրահարույց գործողությունների բաժնում անդրադարձ է կատարվում նաև կառավարության կողմից կատարվող կապիտալ ծախսերին։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ չնայած ողջունելի է բյուջեի դեֆիցիտի կրճատման դինամիկան, սակայն կապիտալ ծախսերը կատարվում են անհամամասնորեն, ինչը հակառակ է այն ամենին, ինչ կառավարությունը պետք է կատարեր, եթե ցանկանում է խթանել ներդրումները։ Barclays-ը զավեշտալի է որակում այն, որ կառավարությունը կապիտալ ծախսեր կատարելու հարցում ինքն իր համար խոչընդոտներ է ստեղծել՝ ելնելով միայն այն բանից, որ այդ ծախսերը նախկինում մտազուգորդվել են կոռուպցիայի հետ, ինչի արդյունքում կառավարությունը շատ հաճախ ձեռնպահ է մնում առաջ մղելու իր իսկ կողմից նախատեսված ծրագրերը։ Փաստաթղթի հեղինակները հուսադրող են համարում այն, որ հաջորդ տարվա բյուջեով աճելու են ենթակառուցվածքների և կապիտալ այլ ծախսերի ուղղությամբ հատկացումները, «մինչդեռ պաշտպանական ծախսերը նվազելու են»,-ասված է փաստաթղթում։

Ընդհանրացնելով իր գնահատականները՝ Barclays-ի հետազոտողները նկատում են, որ «մինչ օրս արձանագրված աճը եղել է ավելի դանդաղ՝ համեմատությամբ այն ահռելի սպասումների, որոնք ձևավորվել էին նախորդ տարվա կտրուկ քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքում»։

Այս խորագրի վերջին նյութերը