Լրահոս

16.02.2011 13:53


Ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկաններն ուժի՞ են դիմում

Ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկաններն ուժի՞ են դիմում
2010թ. հունվարի 10-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից մոտ 5 մլն դրամի գողություն է կատարվել։ Գողության մեջ կասկածվում է կինոթատրոնի աշխատակից Գոհար Մանուկյանի ընկեր Ստեփան Հովակիմյանը, որին նույն օրը երկու ընկերների հետ, առանց իրավունքների պարզաբանման, տարել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Բաժնում նրանց վրա նախ հոգեբանական, այնուհետև նաև ֆիզիկական ճնշում է գործադրվել՝ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով։ Սակայն որևէ արդյունք չստանալով՝ ոստիկանները ստիպված են եղել երիտասարդներին ազատ արձակել։ Երկու օր անց սցենարը կրկնվել է։
Փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանին կանչում են արդեն Ոստիկանության քաղաքային բաժին։ Այդտեղ նորից փորձում են համոզել, որ նա ընդունի մեղքը, սակայն տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, Ստեփան Հովակիմյանի նկատմամբ նորից բռնություն են կիրառում։ Տեսնելով, որ այս անգամ էլ իրենց «ջանքերը» ապարդյուն են, Քրեական հետախուզության բաժնի պետ Անտոնյանը հրամայում է ստորացնել ու անարգել մեղադրյալին։
Ինքնասիրությունն ու արժանապատվությունը պահելու համար Ստեփան Հովակիմյանը, ոստիկանների թելադրանքով, ստիպված է լինում ինքնախոստովանական ցուցմունք գրել, որտեղ հայտնում է, որ կազմակերպել է գողությունը, իսկ իր ընկեր Վահրամ Քերոբյանը մտել է կինոթատրոն ու դրամարկղից գողացել մոտ 5 մլն դրամ։
Երկու օր անց՝ փետրվարի 8-ին, երբ մեղադրանք է առաջադրվում, Ստեփան Հովակիմյանը ցուցմունք է տալիս, որում հայտնում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, և որ ինքն իրականում այդ գողության հետ որևէ առնչություն չունի։ Դատարանում նույնպես նա հայտնում է, որ այդ ինքնախոստովանական ցուցմունքները ինքը տվել է ճնշման ազդեցությամբ։
Սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը կալանքի տակ են։ Պատասխանատու մարմինները ոչ մի քայլ չեն անում պարզելու համար, թե արդյոք մեղադրյալների վրա ուժ է գործադրվե՞լ է, և իրական հանցագործներին գտնելու և պատժելու նպատակով որևէ պատշաճ հետաքննություն չի կազմակերպվել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանն ու Գիվի Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը