Լրահոս

09.11.2019 12:20


Մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից․ Մխիթարյանի մայրն ամոթանք է տվել. ինչից է սկսվել լարվածությունը. «Ժողովուրդ»

Մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից․ Մխիթարյանի մայրն ամոթանք է տվել. ինչից է սկսվել լարվածությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։

Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռեւս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սուրեն Աբրահամյանը, որ գործկոմը ներկայացնող «ծանր քաշայիններից» է, խրատական խոսք է ասել: Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել:

Ալեն Սիմոնյանը, որ գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել Է. «Արտառոց ոչինչ չի եղել»: Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։

Ու այսքանից հետո հարց է առաջանում` եթե պիտի կողմ քվեարկեիք գլխավոր մարզչի թեկնածությանը, աղմկելու իմաստը ո՞րն էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը