Քաղաքական

08.11.2019 14:19


Հովանավորչություն կա այդ անձանց նկատմամբ. Զարուհի Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի նկատմամբ հարձակում գործած անձանց մասին

Հովանավորչություն կա այդ անձանց նկատմամբ. Զարուհի Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի նկատմամբ հարձակում գործած անձանց մասին

Դատախազությունը դեռեւս չի արձագանքել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին փաստաբանի բողոքին։

Նշենք, որ փաստաբանը ներկայացրել էր երեք միջնորդություն՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցներ կիրառելու, «Հայելի» ակումբին որպես տուժող ճանաչելու, գործ հարուցելու նաև խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար, քանի որ «Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը։

Փոստանջյանն ընդգծեց, որ որևէ որոշում դեռ չի կայացվել ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ։ Առայժմ քննիչը քննարկել է միայն պաշտպանական միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը ու մերժել, ինչի դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, սակայն պատասխան դեռեւս չեն ստացել։

«Չկա հրահանգ պատշաճ քննություն իրականացնելու՝ օրենքով սահմանված կարգով։ Հատուկ մոտեցում է ցուցաբերվում, հատուկ հովանավորչություն՝ անձանց նկատմամբ, ովքեր կատարել են այդ հարձակումը»,-ասաց Զ.Փոստանջյանը։ Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ իրավապահ համակարգը բավականաչափ ազատություն չունի ինքնուրույն որոշում կայացնելու համար, Փոստանջյանը նշեց. «Միանշանակ։ Հովանավորչություն կա այդ անձանց նկատմամբ, որովհետև դեպքը տեղի է ունեցել մի քանի հանցակազմերով, իսկ հարուցվել է գործը միայն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Հարձակումը տեղի է ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Այսինքն՝ «Հայելի» ակումբին պարտավոր են որպես իրավաբանական անձի ճանաչել տուժող»։

Նրա խոսքով՝ «Հայելի» ակումբին տուժող չճանաչելը խոսում է հատուկ հովանավորչության մասին։ «Տեղի է ունեցել խուլիգանություն։ Հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, խոսքի ազատության դեմ ոտնձգություն է»,-նշեց Փոստանջյանը՝ շեշտելով. «Անձինք, ովքեր կատարել են այդ հարձակումը հստակ նշում են՝ ինչու են դա արել՝ որովհետև Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է։ Այսինքն՝ խտրական վերաբերմունքը հստակորեն անձամբ նշում էին։ Այդ դեպքի առթիվ էլ չի հարուցվել գործ, որպեսզի հատուկ մեղմ մոտեցում լինի»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։

Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը, հարուցվել է նաեւ քրեական գործ։ Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այս գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը