Կարո՞ղ են արդյոք ամերիկահայերն այժմ համախմբվել Ցեղասպանության թանգարանը միասնաբար կառուցելու համար
Շուրջ չորս տարի տևած անախորժ դատական պայքարներից հետո, Միացյալ Նահանգների դաշնային դատավորը անցյալ ամիս որոշում կայացրեց «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացրած մի շարք դատական հակընդդեմ հայցերի վերաբերյալ: Սույն վեճը Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (AGM&M) ստեղծման շուրջ էր, որը գտնվում է Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ:
Դատավոր Քոլին Քոլար-Քոթելին արեց մի բան, որ երբեք չէր արվել որևէ դատարանի կողմից, երբ իր 190-էջանոց վճիռը սկսեց Ադոլֆ Հիտլերի սահմռկեցուցիչ խոսքերով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Նա շարունակեց, բացատրելով, որ Հիտլերը վկայակոչել էր «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան թուրքական կառավարության, մեծ մասամբ հաջողված ջանքերը, ուղղված իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի բնաջնջմանը, որն այժմ հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Այնուհետև դատավորը հավելեց. «Հայոց ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, Օսմանյան կայսրությունում ապրող մոտ 2,1 միլիոն հայերից մոտավորապես 1,5 միլիոնը սպանվեց, իսկ հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին: Այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդը ենթարկվեց տեղահանության, ունեցվածքի բռնագրավման, բռնի դավանափոխության, առևանգման, տանջանքների, կոտորածների և սովի»:
Հայկական համագումարը և «AGM&M»-ը դատական հայցում պնդում էին, որ Ջերալդ Գաֆեսճյանը և «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթերսը խախտել են «AGM&M»-ի և Համագումարի հանդեպ իրենց ստանձնած պարտականությունները, որ Գաֆեսճյանը խախտել էր Համագումարի հետ բարեխիղճ և արդար գործարքի իր պարտականությունը, իսկ Գաֆեսճյանն ու Ուոթերսն ապօրինաբար տիրացել էին Համագումարի առևտրային գաղտնիքներին: Դատավորը գտավ, որ այս բոլոր մեղադրանքներն անհիմն էին:
Ի պատասխան «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի մեղադրանքների, դատարանը գտավ, որ «ոչ Համագումարը և ոչ էլ «AGM&M»-ը չեն խախտել Դրամաշնորհի և փոխանցման համաձայնագրերը կամ բարեխիղճ և արդար գործարքի իրենց համապատասխան պայմանագրային պարտականությունները»: Դատարանը նաև որոշում կայացրեց, որ պահանջը «անարդար հարստացման վերաբերյալ, արգելված է եղել գոյություն ունեցող գրավոր համաձայնագրերով»:
Մինչ դատավճիռը կայացնելը, դատավոր Քոլար-Քոթելին ջանադրաբար վերականգնեց կողմերի միջև առկա խճճված և հաճախ թշնամական հարաբերությունները, չնայած այն հանգամանքին, որ նրանք երկար տարիներ միասին աշխատել էին Հայկական համագումարի, «AGM&M»-ի խորհուրդներում և ծրագրերի հանձնախմբերում: Համագումարի որոշ ղեկավարներ դատարանում ցուցմունքներ տալիս չկարողացան հիմնական մանրամասներ հիշել հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ, էլ ավելի բարդացնելով դատավորի գործը. վերջինս կասկածեց, որ նրանց «հիշողության բացակայությունը ավելի շատ բխում է հարմարավետությունից, քան թե իմացությունից»: Դատավորը կռահեց, որ Համագումարի ղեկավարներ Հրայր Հովնանյանի, Վան Գրիգորյանի և Պիտեր Ոսբիկյանի «հիշողության բացակայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ (գիտակից կամ անգիտակից) նվազեցնելու իրենց ներգրավվածությունը մի համաձայնագրում, որը վատ ստացվեց Համագումարի համար»: Այնուհետև նա հայտարարեց, որ թանգարանի հանձնախմբի ժողովների որոշ արձանագրություններ կամ բացակայում են, կամ առնվազն մեկ անգամ փոփոխվել են Համագումարի պաշտոնյայի կողմից:
Դատավորը հետամուտ եղավ մինչև վեճի ծագման 2000 թվականի ակունքները, երբ Համագումարը 7,25 միլիոն դոլար էր վճարել Վաշինգտոնում գտնվող բանկի շենքը գնելու` որպես հնարավոր վայր Հայոց ցեղասպանության թանգարանի համար: Այդ գումարը հավասար չափով Համագումարին նվիրել էին Անուշ Մաթևոսյանը և «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը: «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը նաև Համագումարին էր տրամադրել 500 հազար դոլարի վարկ: Գաֆեսճյանը հետագայում լրացուցիչ 12 միլիոն դոլար էր վճարել` բանկի շենքին հարակից ևս չորս շինություն ձեռքբերելու և Համագումարին դրանք նվիրելու համար, որպեսզի վերջինս ընդարձակի թանգարանին հատկացված տարածքը: Այս ներդրումը կատարելով, Գաֆեսճյանը 2003 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված դրամաշնորհի համաձայնագրի պայմաններում ընդգրկել էր «վերադարձման մասին դրույթը», որով պայման էր դրվել` «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին վերադարձել դրամաշնորհի միջոցները կամ նվիրաբերված սեփականությունը, եթե Համագումարին չհաջողվի մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել թանգարանի ստեղծումը:
Ի սկզբանե ակնկալվում էր թանգարանը բացել 2002 թվականի ապրիլին: Քանի որ հանձնաժողովի անդամները սկսել էին վիճել նախագծի ծավալի և այլ հարցերի շուրջ, ուստի բացման թվականը շարունակ հետաձգվում էր: Գրեթե 10 տարի անց էլ թանգարանի մոտալուտ բացումը չի ակնկալվում: Մինչ Համագումարի խորհրդի նախագահ Հովնանյանը նախընտրում էր, որ թանգարանի բյուջեն սահմանափակվի 15 միլիոն դոլարով, Գաֆեսճյանն առաջարկում էր ավելի հավակնոտ մի նախագիծ, որի արժեքը բազմիցս գերազանցում էր այդ գումարը: Գաֆեսճյանը նաև մտահոգված էր, որ վիճահարույց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որին մեծապես աջակցում էին Հովնանյանն ու Գիրգորյանը, կհիասթափեցներ թանգարանի հնարավոր նվիրատուներին:
Գաֆեսճյանի և Հովնանյանի «մրցակցող տեսլականների» միջև փոխհամաձայնություն ապահովելու մի քանի անհաջող փորձերից հետո, Գաֆեսճյանը եկավ այն եզրակացության, որ իրենց տարաձայնություններն անհաշտելի են: Նա թողեց թանգարանի խորհուրդը և պահանջեց, որ ըստ նախօրոք ստորագրված «վերադարձման համաձայնագրի»` սեփականությունը վերադարձվի «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին: Հովնանյանը զայրացած ասաց Ուոթերսին. «Ես ամեն ջանք կթափեմ, որպեսզի կործանեմ նրան [Գաֆեսճյանին] և նրա հիմնադրամը»: 2006 թվականի սեպտեմբերի 13-ին, Գաֆեսճյանը որպես «AGM&M»-ի նախագահ և պրեզիդենտ հրաժարական տվեց:
Հետագայում, երկու կողմերն էլ առանձին դատական հայցեր ներկայացրին մի շարք պահանջներով և հակընդդեմ հայցերով: Այս երկար դատավարության ամենակարևոր արդյունքը դատավոր Քոլեր-Քոթելիի որոշումն էր, ըստ որի Դրամաշնորհի համաձայնագրում վերադարձման դրույթը «վավերական է և կատարման ենթակա», իսկ դա նշանակում է, որ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը իրավունք ունի վերստանալու ավելի վաղ Ամերիկայի հայկական համագումարին իր նվիրաբերած սեփականությունը: Ավելին, դատարանը որոշեց, որ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը պահպանում է «AGM&M» խորհրդի չորս հոգաբարձուներից մեկի աթոռի իրավունքը:
Բացի այդ, դատավորը գտավ, որ չնայած Համագումարը խախտել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նկատմամբ իր ունեցած պայմանագրային պարտավորությունները, չվճարելով 2000 թվականի մարտի 500 հազար դոլարի խոստումնագիրը, «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը չի կարող այլևս հետ ստանալ այս գումարը, քանի որ օրենքով նախատեսված դատ բացելու ժամկետն անցել է:
Այնուհետև դատավորը որոշում կայացրեց, ըստ որի «AGM&M»-ը պարտավոր է փոխհատուցել այն իրավաբանական ծախսերը, որոնք Գաֆեսճյանն ու Ուոթերսը կատարել են Համագումարի կամ «AGM&M»-ի կողմից իրենց դեմ ներկայացված դատական հայցից պաշտպանվելու համար. դատարանն այս ամսվա վերջին պետք է որոշի դատական ծախսերի փոխհատուցման գումարը, որն ըստ Գաֆեսճյանի և Ուոթերսի կազմում է 3 միլիոն դոլար:
Դաշնային դատավոր Քոլար-Քոթելին իր համապարփակ եզրակացության մեջ երկու կողմերին կոչ արեց «աշխատել բարկամաբար լուծել իրենց մնացյալ վեճերը»: Նա անկեղծ ցանկություն հայտնեց, որ «երկար տարիների իրավական պայքարից հետո, կողմերը մի կողմ կդնեն իրենց տարաձայնությունները և կիրագործեն Հայոց ցեղասպանության թանգարանի ու հուշահամալիրի ստեղծման գովասանքի արժանի նպատակը»:
Ակնհայտ է, որ հետագա դատական գործընթացները կլինեն միայն ժամանակի և դրամի ավելորդ վատնում: Եթե երկու կողմերն ի վիճակի չեն շտապ համաձայնության գալ, ապա Ամերիկայի հայկական խոշոր կազմակերպությունների ղեկավարները և այլ բարերարներ պետք է ընդառաջ գան և ցույց տան իրենց պատրաստակամությունը համախմբվելու, անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու և միջոցներ հայթայթելու` Միացյալ Նահանգների մայրաքաղաքում այս կարևորագույն ծրագիրը կյանքի կոչելու համար:
Թանգարանի ինքնատիպ գաղափարը, որն առաջին անգամ ծագեց 12 տարի առաջ, կարող է շահել Ամերիկայի հայկական համայնքի տարբեր հատվածների լրացուցիչ առաջարկների ներդրումից: Բացի Հայոց ցեղասպանության փաստերը վավերացնող ցուցանմուշներ և նյութեր պարունակելը, թանգարանը կարող է նաև գիտնականների և միջազգային իրավաբանների համար դառնալ ուսումնասիրությունների կենտրոն` պետական և միջազգային դատարանների միջոցով Թուրքիայից հայկական օրինական պահանջները հետապնդելու համար: Թանգարանը կարող է նաև արժևորել ոչ միայն հայ ժողովրդի գոյատևումը, այլև վերածնունդը և հայերի բերած պատկառելի ավանդը Ամերիկային և համաշխարհային հանրությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
Կարո՞ղ են արդյոք ամերիկահայերն այժմ համախմբվել Ցեղասպանության թանգարանը միասնաբար կառուցելու համար