ԱՄՆ–ը բլոգերներին և ինտերնետ–ակտիվիստներին աջակցելու համար 25 մլն դոլար կհատկացնի
ԱՄՆ–ը 2011թ. բռնատիրական երկրներում բլոգերներին և ինտերնետ–ակտիվիստներին աջակցելու նպատակով 25 մլն դոլար կհատկացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Բարաք Օբամայի վարչակազմը ինտերնետի քաղաքականապես ակտիվ գործիչներին աջակցություն է ցուցաբերելու այն երկրներում, որտեղ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։
Հիլարի Քլինթոնի խոսքերով՝ սոցիալական ցանցերը, ինչպիսին «Twitter»–ն ու «Facebook»–ն են, մարդկանց ինքնաարտահայտման հնարավորություն են տալիս։ Պետքարտուղարի կարծիքով՝ աճող և սոցիալապես գործուն ինտերնետ–հանրության համար հետդարձի ճանապարհ չկա։
Հ. Քլինթոնը հայտնել է նաև, որ այս տարի ԱՄՆ պետքարտուղարությունը ռուսերենով «Twitter» միկրոբլոգ է բացելու։
–Անցած շաբաթ, ինչպես դուք հավանաբար լսել եք, մենք «Twitter»–ում միկրոբլոգներ ենք բացել արաբերենով և ֆարսի լեզվով՝ ավելացնելով դրանք արդեն իսկ գոյություն ունեցող ֆրանսերենով և իսպաներենով միկրոբլոգներին։ Մենք միկրոբլոգներ կթողարկենք նաև չինարենով, ռուսերենով և հինդի լեզվով։ Դա մեզ հնարավորություն կտա իրական ժամանակում երկխոսություն սկսել մարդկանց հետ՝ օգտագործելով կապի այնպիսի միջոցներ, որոնք այդ կառավարությունները չեն արգելափակում,–ասել է Հիլարի Քլինթոնը։
Նա նշել է, որ աշխարհի առաջնորդներն ընտրություն ունեն.
–Կա՛մ նրանք թույլ են տալիս, որ ինտերնետը հանգիստ տարածվի իրենց երկրներում և իրենց վրա են վերցնում քաղաքական իրավունքի ու ազատության հարցերում մարդկանց պահանջների բարձրացման ռիսկերը, կա՛մ սահմանափակում են ինտերնետը, ճնշում են ինտերնետի ընձեռած ազատությունները և կանգնում են սոցիալական ցանցերից ստացվող տնտեսական ու սոցիալական առավելությունները կորցնելու վտանգի առաջ։
ԱՄՆ–ը բլոգերներին և ինտերնետ–ակտիվիստներին աջակցելու համար 25 մլն դոլար կհատկացնի