Լրահոս

17.11.2010 23:53


Հանդիպել են Հայասատանի և Ռուսաստանի նախագահները

Հանդիպել են Հայասատանի և Ռուսաստանի նախագահները

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը կարևորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք Երկրի ղեկավարի խոսքով' թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու և համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը:

«Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին: Մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը և կամփոփենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,-նշել է Սերժ Սարգսյանը,  ընգծելով նաև, որ Հայաստանը ձգտում է Կովկասում  խաղաղության ու կայունության, և դրանով են պայմանավորված ԼՂ հիմնահարցի  խաղաղ ու երկարաժամկետ լուծման   որոնմանն ուղղված մեր երկրի ջանքերը:

Նախագահն ասել է, որ  Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել և շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին' նրա կողմից գործադրվող ջանքերի համար' հույս հայտնելով, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով և դրական արդյունքով:

ՌԴ նախագահը ևս կարևորել է  երկու երկրների ղեկավարների միջև հաճախակի դարձած հանդիպումները, որոնք, նրա հավաստմամբ, առաջնային բնույթ են կրում:

«Գործնականում, գրեթե ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ մենք անպայման հանդիպում ենք' քննարկելու ընթացիկ իրադարձությունները: Երկկողմանի շփումներում էլ' Դուք եք այցելում մեզ, վերջերս էլ ես էի Ձեզ մոտ մեծ այցով: Սրանք հնարավորություններ են' մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու և իհարկե, խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ու նախանշելու ապագայի կողմնորոշիչները»,-ասել է ՌԴ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը