Քաղաքական

06.11.2019 16:47


«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերի հետքերով. տեխնիկական ծախսերը 330 000 դրամի փոխարեն կարող էին կազմել առավելագույնը 150 000 դրամ

«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերի հետքերով. տեխնիկական ծախսերը 330 000 դրամի փոխարեն կարող էին կազմել առավելագույնը 150 000 դրամ

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման միայն տեխնիկայի վարձակալության 330 000 դրամ կազմած ծախսերը հնարավոր էր գրեթե կրկնակի կրճատել` դարձնելով առավելագույնը 150 000 դրամ:

Ըստ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման նախահաշվի` տեխնիկայի վարձակալության ծախսերը կազմել են 330 000 դրամ, որից 280 000 դրամ` ձայնային տեխնիկայի լրակազմի (1 օր` 6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 հնչյունային վահանակ), և 50 000 դրամ`պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար:

Tert.am-ը կամայական ընտրված կազմակերպությունից հետաքրքրվել է`առավելագույնը որքա՞ն կկազմեին նշված տեխնիկայի վարձատրության ծախսերը:

Ըստ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող «Holiday Events» ընկերության գնացուցակի` նշված տեխնիկայի վարձակալության ծախսերը կկազմեն 125 000:

1 դինամիկի 1-օրյա վարձատրությունը 10 000 դրամ է, 6 դինամիկ`60 000 դրամ:

Կազմակերպությունը 3300 լումեն հզորությամբ 1 պրոյեկտորը 1 օրվա վարձակալության համար տրամադրում է 20 000 դրամով, 6000 լումեն հզորությամբ պրոյեկտորը կարժենա մոտավորապես 35 000 դրամ: 2 միկրոֆոնի 1-օրյա վարձակալությունը, ըստ այդ կազմակերպության, կարժենա 20 000 դրամ, 1 հնչյունային վահանակի 1-օրյա վարձակալության համար անհրաժեշտ կլինի վճարել 25 000 դրամ:

«Prokat.am» ընկերությունում գնային մեծ տարբերություն չկա:

3000 լումեն հզորությամբ 1 պրոյեկտորի 1-օրյա վարձակալությունը կարժենա 10 000 դրամ, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ժամանակ օգտագործվել է 6000 լումեն հզորությամբ պրոյեկտոր, որը, ըստ այս կազմակերպության, կարժենա մոտավորապես 20 000 դրամ` 1 օրվա համար:

«Prokat.am» ընկերությունը դինամիկների զույգը 1 օրով տրամադրում է 25 000 դրամով, 6 դինամիկը կարժենա 75 000 դրամ: 2 միկրոֆոնի մեկօրյա վարձակալությունն արժե 14 000 դրամ:

«Prokat.am»-ը հնչյունային վահանակի չի տրամադրում վարձակալության համար:

Երևանի ավագանու անդամ, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակից Հասմիկ Խաչունցը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ միայն 2 շաբաթ առաջ է տեղեկացել, որ ներկայացումը ԿԳՄՍ նախարարությունից դրամաշնորհ է ստացել: «Երբ իմացել եմ դրամաշնորհի մասին, էթիկապես ճիշտ չեմ համարել գումարի չափ հարցնել և ծախսերի մեջ խորամուխ լինել, որովհետև ես ընդամենը մասնակից եմ եղել»,-ասաց Խաչունցը`նշելով նաև, որ ներկայացման մասնակիցները չեն վարձատրվել:

Այս խորագրի վերջին նյութերը