Աշխարհ

06.11.2019 16:21


Փարիզում հոսպիտալացրել են Կատրին Դենյովին

Փարիզում հոսպիտալացրել են Կատրին Դենյովին

Ֆրանսիացի նշանավոր դերասանուհի 76-ամյա Կատրին Դենյովը լույս նոյեմբերի 6-ի գիշերը հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien թերթը:

Կինոաստղի ստույգ ախտորոշումը չի հաղորդվում, նաեւ չի նշվում բուժհաստատությունը: «Մեր տեղեկությունների համաձայն, նա հոսպիտալացվել Է ծանր վիճակում, ինչն ընդգրկուն հետազոտություններ Է պահանջում»,-նշում Է հրատարակությունը:

Կատրին Դենյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի խորհրդանիշներից մեկն Է: Դերասանուհին աստղ Է դարձել տակավին իր կարիերայի մեկնարկին. 1964 թվականին ամբողջ աշխարհն Էր հուզմունքով հետեւում նրա կատարմամբ պատանի Ժենեւիեւին «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմում: Կինոնկարն ստացավ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը եւ հիացմունքով ընդունվեց ամբողջ աշխարհի հանրության կողմից:

Մեկ տարի անց Դենյովը գլխավոր դերը կատարեց Ռոման Պոլանսկու «Նողկանք» սեւ-սպիտակ թրիլլերում, որը նույնպես բարձր գնահատվեց կինոքննադատների ու հանդիսատեսների լսարանի կողմից: Հետագա տարիներին դերասանուհին նկարահանվել Է ավելի քան 120 ֆիլմում, որոնց թվում են աշխարհի առաջատար ռեժիսորների, այդ թվում՝ Ժակ Դեմիի, Մարկո Ֆերերիի, Լուիս Բունյուելի, Անիես Վարդայի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Թոնի Սքոթի, Ֆրանսուա Օզոնի, Լարս ֆոն Թրիերի եւ շատ ուրիշների աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը