Աշխարհ

06.11.2019 21:20


Թրամփն ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցների. հարցում

Թրամփն ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցների. հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում Է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ 2020 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ նոյեմբերի 5-ին հրապարակված արդյունքները, որը Langer Research Associates սոցիալական ծառայությունն անցկացրել Է NBC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գնահատումների համաձայն, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու ամենամեծ շանսերն առաջվա պես ունի հինգ քաղաքական գործիչ: Խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին եւ Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսին: Նրանք արդեն մի քանի ամիս նախընտրական արշավի առաջատարներն են դեմոկրատների շրջանում:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, եթե ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանային այժմ, Թրամփը տանուլ կտար նշված հինգ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրին: Եթե դեմոկրատներից թեկնածու առաջադրվի Բայդենը, նա կստանա ընտրողների ձայների 56 տոկոսը, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Նույն արդյունքները կլինեին նաեւ այն դեպքում, եթե Թրամփի մրցակիցը դառնար Սանդերսը:

Ուորենը կհաղթեր Թրամփին՝ հավաքելով ձայների 54 տոկոսը, հանրապետականի արդյունքը կկազմեր 39 տոկոս: Բութեջաջը Թրամփի նկատմամբ հաղթանակ կտաներ ձայների 51 տոկոս առ 40 տոկոս հարաբերակցությամբ հօգուտ դեմոկրատի: Հարիսն ընտրությունները կշահեր ձայների 52 տոկոս առ 41 տոկոս հարաբերակցությամբ:

Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, թե վստահության արժանի չի համարում սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են մի շարք առաջատար ԶԼՄ-ների պատվերով: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ իր քաղաքական ընդդիմախոսները հակված են ցանկալի արդյունքները ներկայացնել որպես իրականություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը