Հարցազրույց

06.11.2019 12:41


««Պե­տու­թյու­նը ես եմ» կոն­ցեպ­տի շրջա­նա­կում փոր­ձում է իրեն են­թար­կեց­նել բո­լոր մար­մին­նե­րին և բո­լոր հնա­րա­վոր կա­ռույց­նե­րը»

««Պե­տու­թյու­նը ես եմ» կոն­ցեպ­տի շրջա­նա­կում փոր­ձում է իրեն են­թար­կեց­նել բո­լոր մար­մին­նե­րին և բո­լոր հնա­րա­վոր կա­ռույց­նե­րը»

«ՍԴ պետք չի, ՍԴ-ն պետք է ցրել», «Հանրային խորհուրդ պետք չի՝ այն պետք է լուծարել»: Չի բացառվում, որ այս շարքը կարող է շարունակվել, տարածվել այլ ինստիտուտների ու կառույցների վրա:

Ըստ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, այս տրամաբանությունը շատ վտանգավոր է:

«Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեզ ո՛չ ոստիկանություն է պետք, ո՛չ Ազգային ժողով, եկեք թողնենք միայն կառավարությունը և վարչապետի գրասենյակին առընթեր ինչ-որ առանձին կառույցներ ստեղծենք: Իրականում այս տրամաբանությամբ մենք գնալու ենք ամբողջատիրական իշխանության: Իշխանության առանձին ներկայացուցիչներ շատ կոնկրետ պետական կառույցների են թիրախավորում, որոնց ղեկավարներն ունեն սեփական տեսակետ և չեն վախենում հանրային լայն լսարանի առաջ ներկայացնել այն: Իսկ այս իշխանության պարագայում շատ վտանգավոր է և անգամ անընդունելի է ունենալ տեսակետ, որը չի համապատասխանում ինչպես Նիկոլ Փաշինյանի անձնական, այնպես էլ իր քաղաքական թիմի տեսակետին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը՝ նշելով, որ այս մոտեցման պատճառով նման անձանց դեմ շատ կոնկրետ և թիրախավորված պայքար է իրականացվում, որոշների դեպքում էլ փորձ է արվում ամեն կերպ հեռացնել պաշտոնից:

Արդյոք իշխանությունը կգնա՞ր այլ ճանապարհով, եթե չլիներ անձերի խնդիրը:

Բենիամին Մաթևոսյանը, բերելով մի շարք օրինակներ, շեշտում է՝ կարևոր է հենց անձերի հանգամանքը:

«Օրինակ՝ հայտարարվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանություններից մնացած կադր է, և, հետևաբար, իր գործունեության նկատմամբ չի կարող վստահություն լինել: Զուգահեռ՝ նախորդ իշխանությունների կադր է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս իշխանությունների գործունեության տրամաբանության շրջանակներում ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչի արդյունքում մնում է իր պաշտոնին: Իսկ քանի որ ո՛չ ՍԴ նախագահը, ո՛չ Վազգեն Մանուկյանը չեն անում նույն քայլերը, իրենց դեմ արշավ է սկսվում: Այստեղ անձերի պահն է կարևոր: Հայաստանում, փաստորեն, կան չինովնիկներ, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության պարագայում հարմարվել, և կան մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և չեն վախենում արտահայտել այն»,-ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ, խնդիրը ոչ թե այդ անձանց պաշտպանելն է, այլ վտանգի գիտակցումը. «Մենք պետք է գիտակցենք հետևյալը. անկախ ամեն ինչից՝ մեզ անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված և զսպումների մեխանիզմներ ունեցող համակարգ, իսկ դա հնարավոր չէ անել այն պարագայում, երբ երկրում թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը և թե՛ դատական համակարգը կոնկրետ մեկ անձի են ենթարկվում: Նկարագրված վարքագիծը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում իշխանության է գտնվում մի անձ, որը կարծում է, թե պետությունը ինքն է:

«Պետությունը ես եմ» կոնցեպտի շրջանակում նա փորձում է իրեն ենթարկեցնել բոլոր մարմիններին և բոլոր հնարավոր կառույցներին»:

Աղբյուրը՝ past.am

Այս խորագրի վերջին նյութերը