Լրահոս

06.11.2019 10:50


Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ»-ին, այլ` 1920-ականների պոեզիայի ասմունքի երեկոյի. առաջին և հաստատ վերջին անգամ էր նախարարության հետ համագործակցությունը. Գոռ Սուջյան (տեսանյութ)

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ»-ին, այլ` 1920-ականների պոեզիայի ասմունքի երեկոյի. առաջին և հաստատ վերջին անգամ էր նախարարության հետ համագործակցությունը. Գոռ Սուջյան (տեսանյութ)

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, այլ ընդամենը ասմունքի երեկոյի. ինձ շատ համառոտ է ներկայացվել «ՀուԶանք ու Զանգ»-ի ծրագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանը, ով եղել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում:

«Ինձ ներկայացվել է 1920-ականների պոեզիայի ընթերցանության օր: Դրանից հետո երկրորդ հարցը չառաջացավ՝ ֆորմատի հետ կապված: Հարցին վերաբերվեցի նաև որպես լրացուցիչ պրոպագանդա Չարենցի, Տերյանի պոեզիաների, քանի որ մենք էլ ենք դրանով զբաղված, որոշեցի հավանություն տալ»,- նշեց նա:

Գոռ Սուջյանը նշում է, որ այս ֆորմատով առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցում և հետագայում մերժելու է գերատեսչության նման առաջարկները. «Առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցությունը և հաստատ վերջինը»:

«Փոխնախարար Արա Խզմալյանն ինձ առաջարկեց, որ լինեմ հանձնաժողովի անդամ: Ես սկզբում համաձայնեցի, հետո երբ մեյլեր սկսեցի ստանալ ծրագրերի մասին, հասկացա, որ շատ ծավալուն է այդ ամենը և ես իսկապես ժամանակ չունեմ այդ ամենն ուսումնասիրելու համար: Խնդրեցի, որ ինձ հանեն այդ հանձնաժողովից: Հետո Խզմալյան Արան ասաց՝ Գոռ ջան, խնդիր չկա, կարող ես գալ, մասնակցել, մենք քեզ շատ համառոտ կներկայացնենք ծրագրերը, թե ինչ է լինելու, դու քո որոշումը կկայացնես: Իմ սխալը նրանում էր, որ ես խորը չէի ուսումնասիրել ծրագրերը: Ես չգիտեի, որ մեր կարծիքներն են որոշիչ լինելու, կարծում էի, որ դրանք լրացուցիչ կարծիքներ են ուղղակի»,- ասաց երգիչը:

Գոռ Սուջյանի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրերը համառոտ են ներկայացվել իրեն: Բացի այդ, երաժիշտը տեղյակ չի եղել, թե որ ծրագրին որքան գումար է հատկացվելու:

Ինչ վերաբերում է «ՀուԶանք ու Զանգ» արդեն կայացած ներկայացմանը, Գոռ Սուջյանը նշեց. «Ներկայացումը չի հաջողվել դիտել ամբողջությամբ, ինչ-որ փոքր դրվագ եմ տեսել, դրվագի մեջ լսել եմ աղմուկ, ոչ մի բառ չեմ հասկացել: Համենայնդեպս, ես դրանից ոչինչ չհասկացա: Այսինքն, այդ դեպքին չեմ կարող հստակ անուն տալ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր «ՀուԶանք ու Զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց անվանելով «սատանիստներ» ։ «Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այս ներկայացման շուրջ բարձրացված աղմուկից հետո հայտարարել էր, որ նախարարությունում մասնագետներից կազմված հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել «ՀուԶանք ու Զանգ» դրամաշնորհային ծրագրին: Արայիկ Հարությունյանը նաև նշել էր ներկայացմանը հավանություն տված հանձնաժողովի անդամների անունները, որոնցից մեկը հենց Գոռ Սուջյանն է:

Նախօրեին Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ինքը` որպես մասնագետ, հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, թյուր տեղեկատվություն է:

Այս խորագրի վերջին նյութերը