Քաղաքական

05.11.2019 13:03


102–րդ ռազմաբազան գեղեցկության համար չի Հայաստանում գտնվում. Զատուլին (տեսանյութ)

102–րդ ռազմաբազան գեղեցկության համար չի Հայաստանում գտնվում. Զատուլին (տեսանյութ)

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Տավուշի ուղղությամբ հակառաորդի գործողությունները չեն դիտարկվում որպես ահաբեկչություն։

«Եթե Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, ապա նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշտոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել»,-ասաց նա։

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր, և Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ես լսում եմ, որ ՀՀ վարչապետը հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ, Ադրբեջանի նախագահն էլ իմ և այլոց ներկայությամբ հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան: Այնպես, որ իրականությունը բոլորը տարբեր կերպ են ընկալում»:

Խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ Զատուլինն ասաց, որ իրենք չեն խառնվում դրանց։ «Մենք չենք խառնվում ներքին գործերին ոչ ՀՀ-ում, ոչ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր: Այո՛, Հայստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է»,–նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը