Քաղաքական

05.11.2019 10:55


«Լայվերը» գնալով դառնում են ոչ թե թափանցիկ աշխատանքի վկայություն, այլ լրիվ հակառակը՝ գաղտնի քայլերը քողարկելու կամ «սվաղելու» միջոց. «Փաստ»

«Լայվերը» գնալով դառնում են ոչ թե թափանցիկ աշխատանքի վկայություն, այլ լրիվ հակառակը՝ գաղտնի քայլերը քողարկելու կամ «սվաղելու» միջոց. «Փաստ»

«Ներկայիս կառավարության կողմից շռայլ ծախսեր կատարելու մասին տեղեկությունները ակտիվ հանրային քննարկման առարկա են դառնում:

Եվ սա շատ բնական է, քանի որ քաղաքացիները ցանկանում են, որ հանրային միջոցները ծառայեն ըստ նպատակի, և վատնում տեղի չունենա:

Չէ՞ որ վարչապետ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով շարունակում է հավաստիացնել, թե իր գլխավորած կառավարությունն ամենաթափանցիկն է: Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Նշվում էր, որ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» գրիֆով՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել։

Այս խնդրին օրերս անդրադարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, սակայն խուսափեց նշել, թե Կոնդի առանձնատների տնտեսությունում որքան գումար է ծախսվել՝ հայտարարելով, թե որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետև դա բխում է օրենքից:

Ըստ Աղաջանյանի՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար:

Եվ հանրությունն այդպես էլ մեկ ամիս շարունակ չկարողացավ ստանալ այն հարցի պատասխանը, թե արդոք ճի՞շտ են տեղեկությունները, որ վարչապետի առանձնատան համար չափից մեծ գումար է ծախսվել, և ինչո՞վ է արդարացված այդ ծախսերի իրականացումը:

Եվ ահա այդ լուրերը տևական ժամանակ օդում կախված մնալուց հետո վարչապետ Փաշինյանը որոշեց ուղիղ եթեր մտնել և այս խնդրի հետ կապված պարզաբանում տալ: Վարչապետը, ուղիղ եթերում առանձնատան սենյակները ցուցադրելով, փորձեց ներկայացնել, թե կոնկրետ ինչն է վերանորոգվել՝ նշելով, որ մամուլում տեղ գտած հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։

Վարչապետի ասածներից ստացվում է, որ մոտ 200 հազար դոլար է ծախսվել պետական միջոցներից միայն մեկ առանձնատան վերանորոգման համար, սակայն հանրությունը չստացավ այն հարցի պատասխանը, թե ինչով էր պայմանավորված այդպիսի վերանորոգում կատարելու ծայրահեղ անհրաժեշտությունը, երբ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, և նման գումարները կարող էին նպատակաուղղվել նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Ի վերջո, միջինը 10 տոկոսով թոշակները բարձրացնելու համար աշխարհացունց հրճվանք ապրող իշխանությունները անհամեմատ մեծ գումարներ են տրամադրում նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը բարձրացնելու, առանձնատները վերանորոգելու, նոր ավտոմեքենա ու ինքնաթիռ գնելու համար:

Բացի այդ, եթե նախկինում նշյալ առանձնատունը ծառայել է իր նպատակին, ապա ի՞նչն էր խանգարում վարչապետին առանձնատունը թողնել այն վիճակում, ինչպիսին կա: Գոնե առայժմ: Քանի դեռ «տնտեսական հեղափոխությունը» իրականություն չի դարձել: Թե՞ «տնտեսական հեղափոխություն» ասելով՝ իշխանությունները նկատի ունեին բացառապես իրենց կյանքի բարելավումը:

Վարչապետի ուղիղ եթերը քաղաքացիների մոտ առկա կասկածները փարատելու նպատակ ուներ, սակայն տեղի է ունենում հակառակը՝ նոր կասկածներ են ի հայտ գալիս:

Հասկանալի է, որ միայն վարչապետի առանձնատան համար մոտ 200 հազար դոլար է հատկացվել, և եթե դիտարկում ենք Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, թե վերանորոգվող տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար, ապա ստացվում է, որ մյուս 7 առանձնատներից յուրաքանչյուրի վերանորոգման համար 200 հազար դոլարից ավելի գումար է հատկացվել:

Եվ հենց այստեղ է, որ հարցեր են առաջանում, թե ինչու է վարչապետը միայն իր առանձնատան վերանորոգումը հանրությանը ներկայացնելով՝ համարում հարցը փակված, և ինչո՞ւ հանրությանը հաշվետվություն չի ներկայացնում, թե կոնկրետ որքան գումար է ծախսվել բոլոր մյուս առանձնատների վերանորոգման համար:

Ու ընդհանրապես, ժամանակը չէ՞ հասկանալ, որ «լայվերը» գնալով դառնում են ոչ թե թափանցիկ աշխատանքի վկայություն, այլ լրիվ հակառակը՝ գաղտնի քայլերը քողարկելու կամ «սվաղելու» յուրատեսակ միջոց: Հա, օրհնության կարգն էլ ընդհանուր նպատակները չի քողարկում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը