Քաղաքական

01.11.2019 15:20


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը լինելու է շատ շուտով. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը լինելու է շատ շուտով. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Բանակցություններում փորձում ենք ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները, հուսով եմ, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Մշտապես աշխատում եմ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», - մանրամասնեց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։ Ըստ նրա՝ կան գաղափարներ, որոնց մասով հույս ունի, որ հնարավոր կլինի կյանքի կոչել:

Զոհրաբ Մնացականյան ասաց, որ համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե հարցը փակուղում է:

«Մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի: Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ»:

Անդրադառնալով սահմանին լարվածության աճին և հնարավոր էսկալացիային՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է»,-նշեց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը