Հարցազրույց

15.02.2011 10:45


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

–«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միասնական հայտարարության տեքստ է առաջարկել։ Նա նաև նշել էր, թե պետք է որ փետրվարի 14–ին կոալիցիայի նիստ տեղի ունենար, և կոալիցիոն ուժերը պետք է անդրադառնային այդ հայտարարության տեքստին։ Տեղի ունեցա՞վ այդ նիստը, և ստորագրեցի՞ն արդյոք կոալիցիոն ուժերը հայտարարության այդ տեքստը։

–Ես չեմ կարծում, որ ՀՀԿ–ն որևէ բան է նշել, և այս պահին էլ պատրաստ չեմ որևէ տեղեկատվություն տալ։ Կարծում եմ՝ այդ ինֆորմացիան որտեղից տեղեկացել եք, նրանցից էլ պետք է ճշտեք։

Նրանց արդեն իսկ զանգահարել ենք։ Հայտարարության տեքստի կետերից մեկն էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես կոալիցիայի միասնական թեկնածուի, 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու վերաբերյալ էր։ Այդուհանդերձ, ԲՀԿ–ն նման հայտարարություն չարեց։ Նշանակո՞ւմ է դա, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իշխանական համակարգին, քանի որ իր պահանջներն անտեսվում են։

–Կարծում եմ՝ եթե նման միտք կա, դա անհեթեթ միտք է, որովհետև Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական իրավիճակին տիրապետում է, այլև կարծում եմ, որ քաղաքական դաշտն այնպիսին կլինի, որը հարիր է մեր ժողովրդին։

Այսինքն՝ առանց կոալիցիայի սատարմա՞ն։

–Բայց ո՞վ ասաց սատարել–չսատարելու մասին։ Մենք ունենք մեր խնդիրներն ու մեր ծրագրերը, և ովքեր կմասնակցեն մեր ծրագրերին և որոշակիորեն դրսևորում կունենան ժողովրդի մեջ, այդ ուժերն էլ կարող են որոշակի դարձնել և՛ քաղաքական դաշտի ամրությունը, և՛ քաղաքական իրադրությունը։

Պարո՛ն Սահակյան, ԲՀԿ–ն չհայտարարեց 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Դա ինչ–որ բան նշանակո՞ւմ է։ Նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու այդ գործընթացին։

Կարծում եմ՝ դա ԲՀԿ–ին պետք է հարցնել։ Որոշակի քաղաքական ծրագրերը, կարծում եմ, քննարկման փուլում են, բայց մնացած բոլոր խնդիրները եթե հասարակության համար հետաքրքրություն են ներկայացնում, կգա ժամանակը (և դա շատ ուշ չի լինի), բոլոր խնդիրներն իրենց տեղը կդրվեն։

Այսինքն, Ձեր կարծիքով կլինի՞ նման հայտարարություն։

–Իմ կարծիքը բավարար չէ դրա համար։ Դա կարևորագույն գործընթացներից մեկն է, որն անընդհատ, ցանկացած դեպքում, ցանկացած վիճակում, ցանկացած համապետական ընտրություններին, մասնավորապես խորհրդարանական ընտրություններից, առաջ քաղաքական կուսակցություններն իրենց դիրքորոշումն են արտահայտում։

Իսկ հնարավո՞ր է՝ նորից ինչ–որ հայտարարության տեքստ ներկայացվի։

–Ես չեմ ցանկանում կանխագուշակումներ անել։ Համենայն դեպս, ես չեմ տեսնում, որ քաղաքական դաշտում, մանավանդ կոալիցիայի ներսում այնքան լարվածություն կա, որ պետք է անընդհատ պարզաբանումներ տանք։ Դրանք ընդհանուր երևույթներ են քաղաքական դաշտում, և բոլոր քաղաքական ուժերն էլ մտահոգ են առաջիկա ընտրություններին մասնակցելու ու մասնակցությունն ապահովելու, առավել ևս՝ ավելի լավ ընտրություններ անցկացնելու համար։

Բայց՝ ոչ միասնական։

–Ընտրությունների միասնականությունը կամ համախմբումը կամ դաշինքները տվյալ քաղաքական իրավիճակով են բնութագրվում, և կարծում եմ՝ դրանում ժողովուրդն ավելի մեծ դերակատարություն ունի։ Երբ կգա ժամանակը, և ընտրական շունչն արդեն կբևեռվի ժողովրդի մեջ, քաղաքականությունն ինքն իր պայմանները կառաջարկի հասարակությանը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը